Home / Հայաստան / Եկեղեցուն ուղղված մեղադրանքներն անհիմն են, պնդում է Մայր Աթոռի ներկայացուցիչը

Եկեղեցուն ուղղված մեղադրանքներն անհիմն են, պնդում է Մայր Աթոռի ներկայացուցիչը

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի նախկին առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի հայտարարություններն անհեթեթություն են, Epress.am-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝  անդրադառնալով Տիրան Սրբազանի քննադատությանը՝ ուղղված Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին:

Տեր Վահրամի խոսքով՝ ինքը այդ հայտարարությունների «ցնդաբանություն լինելը չի ցանկանում ապացուցել»:

Epress.am-ը նաև խնդրել է Մայր Աթոռի ներկայացուցչին պարզաբանել՝ ինչու է Հայ առաքելական եկեղեցու որոշմամբ Տիրան արքիեպիսկոպոս Կյուրեղյանը հեռացվել Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնից:

Հիշեցնենք, որ թեմի նախկին առաջնորդը նշել է, թե կաթողիկոս Գարեգին Բ-ն անձնական թշնամանք է ունեցել իր հանդեպ: Նշենք,որ Տիրան Սրբազանին պաշտոնանկ անելուց հետո թեմի առաջնորդ է նշանակվել Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս Սրբազանը:

Ըստ Տեր Վահրամի, սակայն, անձնական թշնամանքի մասին խոսք չի կարող լինել: Կարգալույծ անելու պատճառը նշելու մեր խնդրանքին ի պատասխան՝ Տեր Վահրամը ներկայացրել է Մայր Աթոռի 2001 թվականի՝ Տիրան արքիեպիսկոպոս Կյուրեղյանին կարգալույծ անելու մասին որոշման ձևակերպումը.

«Հայոց կաթողիկոսի հայրապետական իշխանությանը անհնազանդ, հայ եկեղեցականի ուխտին անհարիր, Հայ եկեղեցու կանոններին դեմ դատապարտելի գործողությունների համար»:

Թե կոնկրետ ինչ խախտում է բարձրաստիճան եկեղեցականը թույլ տվել` Տեր Վահրամը հրաժարվել է ասել:  Ըստ նրա` այդ պատմությունը վաղուց բոլորին հայտնի է:

Մայր Աթոռի ներկայացուցիչը պնդել է, թե անհիմն են նաև Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի մեղադրանքները, թե եկեղեցին աջակցում է որոշ կուսակցություններին, իր շուրջ չի միավորում հայ քրիստոնյաներին:

Ըստ Տեր Վահրամի՝ Մայր եկեղեցու գործելակերպին հետևելու դեպքում կարելի է հավաստիանալ, որ դրանք անհիմն մեղադրանքներ են:

Տիրան արքեպիսկոպես Կյուրեղյանի հարցազրույցը՝ այստեղ: