Էպոսագետ Վարդան Սեդրակյանը պատրաստ է վճարել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման համար անհրաժեշտ 8 միլիոն դրամի գրավն այն դեպքում, եթե վերջինս համաձայնի ընդունել գումարը:
Նշենք, որ ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ դրամահավաք է սկսում, որպեսզի գումար հավաքի նախագահական ընտրություններին մասնակցելուն ուղղված անհրաժեշտ վճարումները կատարելու համար: Ավելի վաղ Սեդրակյանը նույնպես հայտարարել էր, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին:
Էպոսագետը նշել է, որ այդ գումարը հետ կխնդրի Հովհաննիսյանից, եթե վերջինս հաղթահարի 5 տոկոսի շեմը և պետությունը վերադարձնի 8 միլիոնը: Հակառակ դեպքում, Սեդրակյանը չի պահանջելու գումարը:
Նրա խոսքով՝ ինքն այդ գումարն ունի իր «անունի շնորհիվ», քանի որ էպոսի վերաբերյալ հաղորդումների է մասնակցել, սեմինարներ անցկացրել, դասախոսություններ կարդացել:
Նախագահի թեկնածուն այդ գումարը Հովհաննիսյանին տրամադրելու է, քանի որ համոզված է, որ վերջինս ընտրակաշառք չի բաժանի, և Սեդրակյանը որպես «հայ մարդ և Հովհաննիսյանի հայրենակից» որոշել է արձագանքել նրա կոչին: