Հասարակության համար կարևոր կլինի, եթե երեք կուսակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ը միավորվեն: Այս մասին երեկ երեկոյան «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Պետրոս Ղազարյանի հեղինակային «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով երեք ուժերի միջև սկսած քաղաքական կոնսուլտացիաների մասին:
«Եթե այդ միավորումը լինի, այսինքն՝ միասնական բռունցք դարձած գնան նախագահական ընտրությունների և պաշտպանեն մեկ թեկնածուի, այդ դեպքում չկա այն ուժը, որը կդիմակայի նրանց: Բայց, ցավոք սրտի, ես ինքս այդ միավորմանն այդպես չեմ հավատում: Ինչո՞ւ: Պատմությունն է տարբեր, մոտեցումներն են տարբեր: Մարտահրավերը մեկն է, և այդ մարտահարավերն իրականացնելու համար ես ունեմ առաջարկություն», – հայտարարել է Եղիազարյանը:
Նրա առաջարկության բնույթն այն է, որ ընտրություններին հաղթանակ տանելուց հետո երեք ուժերի առաջին քսան ներկայացուցիչներից և ոչ մեկը չպետք է որևէ պաշտոն ստանձնի կամ նախարարական պորտֆել վերցնի:
«Թող ՀՅԴ-ի շարքային անդամը՝ այդքան գրագետ տղաներ կան, թող այնտեղից գան առաջ, որպեսզի մենք կարողանանք միասնական առաջ գնանք», – ասել է Եղիազարյանը:
Պետրոս Ղազարյանը հիշեցրել է ՀԱԿ անդամին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի արտահայտությունը, համաձայն որի ընդդիմության ներսում առկա գործընթացներում անհնար է չնկատել որոշակի ստվեր, մի մարդու, ով ուղղորդում է այս ամենն իշխանության գալու նպատակով:
Եղիազարյանի խոսքով՝ ինքը չի մտածում, որ Շարմազանովը Շեքսպիր է կարդացել, բայց, միգուցե, ինչպես շեքսպիրյան Համլետը հոր ստվերը տեսավ, ՀՀԿ-ականը նման մի ստվեր է տեսել: Այնուամենայնիվ, ՀԱԿ անդամը, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն Շարմազանովն ակնարկել է Ռոբերտ Քոչարյանին, ասել է, որ հոկտեմբերի 27-ին ինքը պաշտպանել է ՀՀ երկրորդ նախագահին, մինչդեռ մարտի 1-ից հետո դա չի արել:
«Պատկերացնում եք ԱԺ պատգամավորներից մենակ ես էի, որ հոկտեմբերի 27-ից հետո պաշտպանում էի նրան և ասում էի՝ ինքը մարդասպան չի, ինչը չեմ ասի մարտի 1-ից հետո: Շարմազանովի ավագ ընկերները գալիս էին, թևս էին մտնում, ասում էին՝ «ինքն ա արել», ասում էի՝ «ինքը չի արել»: Ես էնտեղ եմ եղել գիշերը ամեն ինչ կատարվել է իմ աչքի առաջ: Արգումենտներ էի բերում բարձրաձայն, հայտարարում էի մամուլով: Այն ժամանակ մոտ չորս-հինգ հարյուր զինված մարդ կար ԱԺ-ում, որոնք եկել էին վրեժխնդիր լինելու, ինքը կանխեց, չթողեց, որպեսզի այդ զինված տղաները, ովքեր հրամանատար էին կորցրել, իրենց ռազմի դաշտի ընկերոջն էին կորցրել՝ Վազգեն Սարգսյանին, մտնեն և գնդակահարեն էդ սրիկաներին: Իմ աչքի առաջ Ռոբերտ Քոչարյանը դա կանխեց: Հիմա եթե ուզում ա ասի, որ Ռոբերտ Քոչարյանի ականջները կամ ստվերն է տեսնում… այն ժամանակ երիտասարդ Շարմազանովի այսօրվա ավագ ընկերները սուսիկ-փուսիկ տեսնում էին ուրիշ ստվերներ: Հենց, որ Ռոբերտ Քոչարյանը սպիտակ ձիու վրա նստեց, ես դարձա նրա ընդդիմախոսը, էդ Շարմազանով և ընկերությունը դարձան Ռոբերտ Քոչարյանի հլու-հնազանդ հպատակը: Հետո էլ այդ հպատակները ժառանգաբար անցան Սերժ Սարգսյանին, հետո էլ ստվե՞ր ա տեսնում: Թող հարցնի իրա պապիկներից, ստվերի մասին ավելի լավ կասեն, քան ես», – ասել է Եղիազարյանը:
Նա նշել է, որ իրեն հետաքրքիր է, թե արդյոք նման արտահայտություններ անողները գիտեն ով է եղել Գարեգին Նժդեհը:
«Այ, թող դա սկզբից սերտեն, սկզբից իմանան՝ ինչ բան ա արիականությունը, ինչ բան ա արիացին, որտեղից է այդ բառն առաջացել, որտեղից է առաջացել Հայասան, որտեղ ենք ծնվել և ուր ենք գնում: Այ երբ այդ մտքի արգասիքները դա կիմանան, այն ժամանակ թող դատողություններ անեն, թող ստվերներ տեսնեն, ուրվականներ տեսնեն և ականջիկներ», – եզրափակել է ՀԱԿ անդամը: