Հայաստանի իշխանությունները գնում են հին՝ քաղնաբտարկյալ ստեղծելու ուղով: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործով վճիռը հրապարակելուց հետո:
Նշենք, որ վճռին բուռն արձագանքեցին թե՛ դատարանում գտնվողները, թե՛ դատարանի բակում հավաքված ակտիվիստները, ովքեր հետագայում երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր և այնտեղ բողոքի ակցիա անցկացրեցին:
Դանիելյանի խոսքով՝ ինքը չէր սպասում, որ երիտասարդների վճիռը կփոխեն և նրանց բաց կթողնեն, չնայած շատերը հենց դա էին ակնկալում:
Խոսելով նաև վերջերս ԵԽԽՎ-ի կողմից ընդունած քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձևի մասին՝ Դանիելյանն ասել է, որ Եվրոպան ինչ ընդունում է՝ մեր իշխանությունների համար մեկ է, որովհետև Եվրոպան բարեխիղճ չի հետևում իր ընդունած բանաձևերի կատարման ընթացքին:
«Եվ նաև ասեմ, որ այսօր այստեղ պարզվեց, որ Հայաստանում չկա քաղաքացիական հասարակություն, որովհետև այն երկու, երեք մասայական միտինգները, որոնք արվել են այստեղ՝ պետք է լինեին դատավարության հենց առաջին օրվանից, իսկ իրավապաշտպանները պիտի դատարանը լցնեին իրենց ներկայությամբ: Բոլոր նրանք, ովքեր այլ խնդիրների համար են պայքարում, խոսում են քաղաքացիական հասարակության կարևորության մասին, օրինակ, բնապահպանները, պետք է միանային ակցիային: Մեր իշխանություններն էլ ապացուցում են, որ իրենք ունեն նեղ գաղափարախոսություն և ճղճիմ բնավորություն՝ ով իրենց դեմ է ու իրենց հետ չի՝ պիտի նստի բանտում, իսկ եթե չի նստում բանտում, ապա անպայման պետք է ճնշվի վերևից: Դա նորմալ բան է այսպիսի իշխանությունների համար: Հայաստանում չկա արդար դատարան, չկա դատախազություն, չկա ոչ մի օրինական մարմին, որը կարողանա ղեկավարել այդ ամեն ինչը»,- ասել է Միքայել Դանիելյանը:
ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանը մեզ հետ զրույցում նույնպես ասել է, որ վճիռը սպասելի էր իրենց համար:
«Ցավոք սրտի, Հայաստանում չկան անկախ դատարաններ, որևէ դատավոր նման գործերում ներքին համոզմունքով չի առաջնորդվում և բոլորը ուղղակի հրապարակում են Բաղրամյան 26 հասցեում կայացրած որոշումը», – ասել է Դավիթ Մաթևոսյանը:
Կոնգրեսի երիտասարդների փաստաբան Ստեփան Ոսկանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ երեկվա դատավարությունից հետո արդեն պարզ դարձավ, որ այսօրվա դատարանը այլ որոշում չի կարող կայացնել: Ոսկանյանի խոսքով՝ ինչպիսի խայտառակ դատավարություն տեղի ունեցավ, այդպիսի խայտառակ որոշում էլ կայացվեց դատարանի կողմից:
«Վճռաբեկ դատարանից էլ չեմ սպասում որևէ դրական փոփոխություն, այսինքն՝ արդարացման վերաբերյալ որևէ փոփոխություն, բայց Եվրոպական դատարանում, կարծում եմ, գործն արդարացի լուծում է տանալու: Սա պատվիրված դատավարություն է, և, բացի դա, գործը շեղվել է հենց
նախաքննության սկզբից»,- ասել է Ստեփան Ոսկանյանը: