Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիայի` Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ կապերն ամրապնդվեն, որպեսզի Թուրքիան կարողանա այդ հարաբերությունների միջոցով հասնել եվրոպական արժեքների ընդունմանը: Այս մասին ֆրանսիական «Le Figaro» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր քաղաքականության նպատակը Թուրքիային վնաս հասցնելը չէ: Այն հիմնված է հստակ սկզբունքների վրա: Ես պատրաստվում եմ խնդրել նախագահ Օլանդին, որպեսզի վերջինս պատմի Թուրքիայի իշխանություններին, ինչպես ինքն անձամբ է դատապարտել հրեաների արտաքսումն ու համակենտրոնացման ճամբարներում պահելը: Դա կարող է դաս լինել Թուրքիայի իշխանությունների համար»,- ասել է Սարգսյանը:
Նախահագի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը հայաստանյան կողմից չի պարտադրվել:
«Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության ժխտումը հանցագործության շարունակությունն է: Ինձ համար դժվար է կանխատեսել, թե ինչ որոշումներ կկայացվեն այս օրինագծի հետ կապված: Ես ողջունում եմ նախագահ Օլանդի հստակ դիրքորոշումն այս հարցում, որն արտահայտվել է ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ երկրի ղեկավարությունը ստանձնելուց հետո»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Օլանդը երեկ հավաստիացրել է, որ Ֆրանսիան կընդունի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Օլանդի խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել օրենքի նախագծի իրավական կողմը, որպեսզի Սենատի հաստատումից հետո խուսափել Սահմանադրական խորհրդի մերժումից: