ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը չգիտի, թե ում նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա հարցազրույցում «խելամիտ» անվանելով: Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ Քոչարյանը, մասնավորապես, խորհուրդ էր տվել «այն «խելամիտներին», այսինքն նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձևավորել կուսակցության քաղաքական օրակարգը»:
Ավելի վաղ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ոչ իշխանական ուժերի ներսում առկա գործընթացներում (նկատի ուներ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ) անհնար է չնկատել որոշակի ստվեր, մի մարդու, ով ուղղորդում է այս ամենն իշխանության գալու նպատակով:
«Ես չգիտեմ, թե ում է նկատի ունեցել խելամիտներ ասելով: Ես իմ հայտարարությունների մեջ շատ զգույշ եմ եղել, ոչ մեկի անունը չեմ տվել: Ցավում եմ, որ երկրորդ նախագահը կարծում է, թե իմ խոսքը իրեն է ուղղված», – այսօր ասել է Շարմազանովը:
ՀՀԿ-ական խոսքով՝ ԶԼՄ-ներում նվշող ենթադրությունները սխալ են, և սլաքներն ուղղվել են սխալ մարդու վրա: