2013 թվականի պետական բյուջեն այլ կերպ չի կարելի անվանել, քան կոնսերվացման, այսինքն՝ փակվող օբյեկտի բյուջե:
Այսօր Ազգային ժողվում այս մասին ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս կարծիքով՝ զարմանալի չէ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարվել է ԱԺ-ում բյուջեն անձամբ ներկայացնել:
Փաշինյանն ասել է, որ կոնսերվացման քաղաքականությունը վարվում է բոլոր ոլորտներում: Օրինակ՝ սոցիալական ոլորտի ծախսերը կրճատվում են 4 միլիարդ 112 միլիոն դրամով, ինչը բացատրվում է մարդկանց թվի կրճատմամբ, մինչդեռ որևէ վերլուծություն չկա արտագաղթի պատճառների մասին:
Մասնավորեցնելով՝ Փաշինյանն ընդգծել է, որ 2013 թվականին հանրակրթության ոլորտում աշխատողները ստանալու են 542 միլիոն դրամով պակաս աշխատավարձ, քան 2012 թվականին, ինչն արտագաղթի խրախուսում է:
«Եթե աշակերտների թվի նվազմանն քո արձագանքը այն է, որ մարդկանց գրպանից 542 միլիոն դրամ հետ ես վերցնում, նշանակում է՝ միտումը քեզ չի անհանգստացնում: Դու հարկ չես համարկում քաղաքացիների արտագաղթի հետևանքով «խնայված» գումարը որպես աշխատավարձ տաս չարտագաղթածներին, որպեսզի Հայաստանում մնացողը հասկանա, որ իր մնալը կարևոր է քեզ համար: Եթե դու սա չես անում, դու իրագործում ես կոնսերվացման քաղաքականություն, կառավարում ես արտագաղթը, և ոչ թե այն կանգնեցնելուն ուղղված միջոցներ ես ձեռնարկում»,- ասել է Փաշինյանը:
Պատգամավորն առաջարկել է կրճատված ֆոնդը աշխատավարձ տալ սահմանամերձ, լեռնային գոտում աշխատողներին, որ այնտեղ աշխատող ուսուցիչը հասկանա, որ ինքը կարևոր է: Բանախոսը, այնուամենայնիվ, նշել է, որ նման գործողությունների սպասել չի կարելի, քանի որ Հայաստանի քաղաքացիները կառավարության ղեկավարի համար պոտենցիալ հեղափոխական են: Հիշեցնենք, որ «168 ժամ» պարբերականին 2011 թվականին տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանն ասել էր. «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխությո՞ւն լինի» (վարչապետը հետագայում հերքել էր, որ նման բան է ասել – խմբ.)
«Եթե հաշվի ենք առնում՝ ինչպիսի փութաջանությամբ են իշխանությունը պահելու քայլեր անում, նկատի ունեմ նաև ՀԱԿ-ի ակտիվիստների տխրահռչակ դատը, նշանակում է՝ գոհ են իրենց կառավարման արդյուքներից: Եթե գոհ են, ապա Հայաստանում տեղի է ունենում այն, ինչը պլանավորում է իշխանությունը. զանգվածային արտագաղթ, ահագնացող մենաշնորհներ, կոռուպցիա, չարաշահումներ, աղքատություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: