Հայ-ադրբեջանական սահմանն անցած, ադրբեջանական Ալպոուտ գյուղի բնակիչը խուլ ու համր է: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությանը: Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ քաղաքացին մոլորվել է և չիմանալով ճանապարհը անցել է սահմանը:
Ալպոուտ համայնքի ղեկավար Համիդ Աբդուլաևը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է, որ հովիվը կորել է նոյեմբերի 11-ին, այդ օրը մառախլապատ է եղել:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՊՆ-ի, 41-ամյա Թելման Ջավանշիրօղլու Ալիևը սահմանն անցել է նոյեմբերի 12-ին: Երեկ Epress.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ Ալիևը գտնվում է հայաստանյան իրավապահների հսկողության ներքո և ինքը պետք է որոշի՝ ինչ է անելու:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը աշխատանքներ է տանում իր քաղաքացուն հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: