Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանն օրերս պաշտոնանկ է արվել։ «Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ պաշտոնանկության պատճառը Հայաստանում Հնդկաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ տեղի ունեցած միջադեպն է։
Թերթի տեղեկություններով, Սամվել Ավետիսյանը և ժամանակավոր հավատարմատար Պանկաջ Սաքսենան հանդիպում են ունեցել, որի ընթացքում հավատարմատարը ինչ-որ դիտարկումներ է արել Հայաստանում հնդիկ ուսանողների կենցաղային պայմանների վերաբերյալ։ Ավետիսյանին դուր չի եկել դա և, շրջվելով դեպի իր օգնականը, ասել է՝ էս էշին տես, եկել է, ինձ բան է սովորեցնում։ Հավատարմատարի թարգմանիչը լսել է դա և թարգմանել, որից հետո Պանկաջ Սաքսենան հեռացել է։ Նա Հնդկաստանի ԱԳՆ-ին ներկայացրել է կատարվածը, որից հետո ԱԳՆ-ն նոտա է հղել Հայաստան և սպառնացել հետ կանչել հնդիկ ուսանողներին։
Ավետիսյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում, նախ, հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունները, ապա հավելել է, որ կա այդ պաշտոնական հանդիպման արձանագրությունը. «Կարող եք մեր համալսարանի ղեկավարությանը դիմել, մենք կտրամադրենք արձանագրությունը, կնայեք։ Դա պաշտոնական խոսակցություն է եղել, չի կարող կոպիտ բան լինել»։