«Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստին այսօր ցուցմունք է տվել գործով տուժող Գարիկ Սողոմոնյանը, ով հունիսի 17-ին նույնպես ծեծի է ենթարկվել ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանային համալիրում:
«Իմ համար մինչև հիմա մութ է մնացել՝ ի՞նչն էր պատճառը: Ամեն օր ինձ էդ հարցը տանջում է», – ծեծի պատճառների մասին խոսելով՝ ասել է Սողոմոնյանը: Տուժողը դեպքի մանրամասները պատմելով՝ գրեթե նույնն է հայտնել, ինչ մինչ այդ հարցված տուժող Արտակ Բայադյանը:
Սողոմոնյանի խոսքով՝ հունիսի 17-ին, ժամը 18:00-ին ինքը հերթապահությունն ավարտելուց հետո միացել է ընկերներին Աշտարակի ձորում: 21:30-ի սահմաններում հասել են «Հարսնաքար»: Տեղավորվելուց հետո Վահե Ավետյանը գնացել է լվացվելու: Վերադառնալով ասել է, թե «չեն թողնում շալվարով նստեմ, ասել են՝ օրենքն ա տենց, պետք ա դուրս գամ»:
Մուտքի մոտ իմացել են, որ ռեստորանը փակվում է կեսգիշերին և որոշել են մնալ, իսկ Վահեն գնա տաբատը փոխելու:
Տուժողը նշել է, որ ինքը դեպքից 10 օր առաջ ևս եղել էր «Հարսնաքարում» և մնացել են մինչև ուշ գիշեր, այսինքն` ռեստորանը չի փակվել 00:00-ին:
Վահեի գնալուց հետո, Սողոմոնյանը և մյուս ընկերները սեղանի մոտ վերադառնալով տեսել են, որ մի մատուցող՝ կիսաճաղատ, գեր և ներկայումս մեղադրյալ Նորայր Հայրապետյանը խոսում են:
Մատուցողը հարցրել է՝ ով է հայհոյել: Նրան պատասխանել են, որ ոչ ոք չի հայհոյել: Վահեն վերադարձել է, երբ մատուցողը մոտեցել է, նա հարցրել է, թե կարո՞ղ է պետք է նաև գլխարկը հանի: Մատուցողը, ով Սողոմոնյանի խոսքով, շատ ագրեսիվ էր, Վահեին դուրս է հրավիրել, հետո՝ հարվածել:
«Տպավորություն ունեի՝ ինչ էլ ասեր Վահեն, դուրս էր կանչելու», – նշել է տուժողը:
Դրանից հետո սեղանը սպասարկելու համար ընկերներին մոտեցել է 20-23 տարեկան մի այլ մատուցող, բայց Վահեի հետևից իրենք բոլորը դուրս են գնացել: Այդտեղ Նորայրը հանդիմացել է մատուցողին, ասել է՝ «մենք ստեղ, ինչե՞ր ես քեզ թույլ տալիս», «նորմալ ա սաղ, չի տվել, չի տվել [հայհոյանք]»:
Սողոմոնյանի հետ խոսել է և նրան դեպի ավտոկայան է ուղեկցել Նորայր Հայրապետյանը: Վերջինս ճանապարհին ասել է, որ կպտժեն Վահեին խփած մատուցողին: Ավտոկայանում, որտեղ ընկերներին ծեծի են ենթարկել, տուժողն ամբաստանյալներից միայն Արման Բաղդասարյանին չի տեսել, մյուս 5-ին՝ տեսել է:
«Դրսում շատ մարդ կար: Մտքովս չի անցել, որ մեր համար էին այդքան մարդ հավաքվել»,- ասել է տուժածը: Ավտոկայանում իրենց ծեծել են 15-20 հոգով:
Սողոմոնյանը չի տեսել առաջին հարվածողին: Տեսել է միայն, որ ծեծկռտուք է սկսվել, «հետո դրա մեջ Նորոն ա մտել, հետո ես եմ մտել»:
Տուժածի խոսքով՝ իրեն առաջինը հարվածել է հենց Նորայրը: Հետո տեսել է` ամեն մեկին 4-5 հոգով ծեծում են:
«Ուշքի գալուց հետո տեսել եմ Վահեին, գնացել եմ ներս ջուր բերելու, մի ջահել մատուցող մի բաժակ ջուր ձեռքին ընդառաջ եկավ, տվեց ինձ, եկա լցրեցի Վահեի դեմքին, բայց չարթնացավ: Քնած էր, խռացնում էր: Ավտոյի մեջ դրեցինք, տարանք հիվանդանոց: Ռեանիմացիայի լիֆտի մոտ Վահե շնչառությունը կանգնեց», – ցուցմունքում նշել է Սողոմոնյանը:
Ցուցմունքից հետո լրացուցիչ հարցեր են տվել մեղադրողները, տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և ամբաստանյալների պաշտպանները:
Ամբաստանյալներից Արթուր Բաբլոյանի պաշտան Արեն Խաչատրյանը հարցրել է, թե հիշում է արդյոք տուժողը որտեղ է ստացել առաջին և վերջին հարվածերը: Ի պատասխան՝ Սողոմոնյանը ասել է, թե չի հիշում: