ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի ծեծել «Փյունիկ» ակումբի և ՀՀ ազգային հավաքականի նախկին բժիշկ Վարդան Հովասափյանին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է ինքը՝ Հովասափյանը:
Բժիշկը նշել է, որ իրեն հեռացրել են աշխատանքից, քանի որ «մի փոքր խմիչք էինք օգտագործել»:
«Հայրապետյանը հանդիպել է բոլորիս հետ, զրուցել և ճանապարհ է դրել, ուրիշ ոչ մի բան չի եղել»:, – ասել է Հովասափյանը:
Թերթի հարցին, թե ինչու վերջին օրերին որևէ մեկի հետ կապի դուրս չի եկել, բժիշկը պատասխանել է. «Ուղղակի հիմա իմ տրամադրությունն ընկճված է, որ իմ աշխատանքն եմ կորցրել, և դա այն բնագավառն էր, որը սիրում էի և աշխատում էի»:
Նշենք, որ Հովասափյանն աշխատանքից ազատվել է «Գանձասար»-«Փյունիկ» խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոպանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, ապա Կապան-Երևան ճանապարհին հարբած լինելու համար: Ոչ սթափ վիճակում լինելու համար նաև աշխատանքից ազատվել է դարպասապահների մարզիչ Արթուր Ավագյանը, իսկ թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանին հեռացրել են «Կապանից Երևան վերադառնալու ճանապարհին մարզական կարգապահությունը և հաստատված նորմերը խախտելու համար»: Նա թիմից առանձին է վերադարձել Երևան անձնական ավտոմեքենայով:
Հիշեցնենք, որ միջադեպի մասին տեղեկությունն այս շաբաթ տարածել էր Lurer.com կայքը՝ նշելով, որ բժիշկ Վարդան Հովասափյանը դաժան ծեծի է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանի կողմից և ծանր վիճակում՝ դեմքը կարված, ծնոտը կոտրած, դուրս է եկել Ֆուտբոլի ֆեդերացիայից: Ընկերներից մեկի այն հարցին, թե ո՞վ է արել, Հովասափյանը պատասխանել էր՝ «Ռուբեն Հայրապետյանը», որից հետո շտապ նստել տաքսի ու հեռացել:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդել էին, որ կայքի հրապարակումն ուսումնասիրվում է: ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը երկու օր առաջ հերքել էր հրապարակումը՝ նշելով, որ նման լուրերը տարածվում են ՀՖՖ նախագահի հեղինակությունն արատավորելու համար: