Բերանն ու աչքերը կարած դատապարտյալ Արտակ Աբրահամյանը Մարդու իրավունքների պաշպանին դիմում է ներկայացրել, որտեղ հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը իր նկատմամբ բազմիցս ցուցաբերել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, և եթե վարչակազմն իր այդ խնդրին լուծում չտա, նա դիմելու է ծայրահեղ քայլերի՝ ընդհուպ մինչև ինքնասպանության:
Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները, 116 թեժ գծով ստանալով ահազանգ, մեկնել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ հանդիպելու Արտակ Աբրահամյանին:
Ինչպես հաղորդում է ՄԻ պաշտպանի գրասենյակի կայքը, մինչ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները կհասնեին քրեակատարողական հիմնարկ, դատապարտյալը հիմնարկի վարչակազմի հետ զրուցելուց հետո արդեն քանդել էր կարված բերանն ու աչքերը և ժամանակավորապես դադարեցրել հացադուլը, մինչև վարչակազմը կլուծի իր խնդիրները:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մեկնաբանելով քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների՝ բերանը կարելու, մատը կտրելու և հացադուլ անելու միջոցով բողոքի արտահայտման դեպքերը, հայտարարել է, որ աչքն ու բերանը կարելը դատապարտյալների համար նույնքան սովորական է դարձել, որքան աղջիկների համար ականջօղեր կախելը:
Նախարարի հայտարարությունից հետո մի շարք հասարակական ակտիվիստներ Արդարադատության նախարարության շենքի բողոքի ակցիա են կազմակերպել:
Ակցիայի մասնակիցները նախարարին են փոխանցել թել, ասեղ և նամակ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Մենք՝ հասարակության ներկայացուցիչներս, ձեզ համար նախատեսված կարուձևի դասընթացի շրջանակներում պահանջում ենք, որ դուք կարեք ձեր բերանը` հասարակության կողմից տրամադրված ասեղ ու թելով: Այս դասընթացի առաջադրանքը չկատարելու դեպքում պահանջում ենք ձեր հրաժարականը: Նաև, կոչ ենք անում ձեզ կտրել ձեր առնանդամը և ուղարկել վերադասին։ Ասում են, դա նորմալ երևույթ է նախարարների համար, ինքնատիպ հավատարմության ծես` վերադասի նկատմամբ, կաշառք վերցնելու պես սովորական մի բան»: