Երևանի կենտրոնում՝ Հանրապետության փողոցում գտնվող և շուրջօրյա գործող «Կովկաս» պանդոկում երեկոյան ուշ ժաներին կանանց մուտքն արգելվում է: Epress.am-ի թղթակիցը նկատել է, որ միջին տարիքի մի կնոջ և երկու երիտասարդ աղջիկների մատուցողները թույլ չեն տվել ներս մտնել: 23:00-ից հետո ռեստորանում ընթրելու համար առանց տղամարդկանց եկած կանայք խնդրում են ռեստորան մտնող որոշ տղամարդկանց ձևականորեն ուղեկցել իրենց:
«Կովկաս» պանդոկի մենեջերը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրականում իրենք քաղաքականություն են ընտրել ուշ ժամերին ֆեյս-կոնտրոլ սահմանել և մուտքն արգելել «ոչ պատշաճ» հագուստով աղջիկների համար:
«Մենք չեն կարող թույլ տալ, որ անախորժ միջադեպեր տեղի ունենան, որոնք «Կովկասի» անվան հետ կխաղան»,- ասել է մենեջերը՝ հավելելով, որ տղամարդկանց ուղեկցությամբ աղջիկները ֆեյս-կոնտրոլի չեն ենթարկվում:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանից հետաքրքրվել ենք, թե արդյոք նման քաղաքականությամբ չի խախտվում սպառողների իրավունքը:
Արմեն Պողոսյանը նման մոտեցումը դրական է գնահատել:
«Մեզ մոտ այլ բարքեր են տիրում, եթե մարդիկ փորձում են ապահովագրվել քաշքշոցներից, ծեծկռտոցներից, ես դրանում վատ բան չեմ տեսնում: Մեզ մոտ պետք է միջոցներ ձեռնարկվեն անառակ երևույթների դեմն առնելու համար», – ասել է Պողոսյանը՝ ընդգծելով, որ դրանում սպառողների իրավունքների ոտնահարում չի տեսնում:
Լուսանկարը՝ barevarmenia.com-ի