Վրաստանը երբեք չի վերադառնա ԱՊՀ, նման ենթադրությունները հիմնազուրկ են: Այս մասին «Ռուստավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկիձեն:
«ԱՊՀ մտնելու մասին մենք ոչ մի պաշտոնական առաջարկ չենք ստացել, և ես կարծում եմ, որ այնտեղ շատ լավ հասկանում են նման քայլի անհնարինության մասին», – նախարարի խոսքերը փոխանցում է Грузия Online-ը:
Պանջիկիձեի խոսքով՝ Վրաստանը պատրաստ է միայն 2 միավորման մեջ մտնել՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի:
«Մեր ողջ մարտավարությունն այդ ուղղությամբ է կառուցվում, և ԱՊՀ վերադառնալու մասին խոսք անգամ չկա», – ընդգծել է Պանջիկիձեն:
Նշենք, որ նախորդ շաբաթվա սկզբին ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են քննարկել հարցը, եթե Վրաստանի կողմից նման նախաձեռնություն լինի:
Վրաստանը ԱՊՀ-ից դուրս էր եկել 2008 թվականի վրաց-ռուսաստանյան պատերազմից հետո: