«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային խորհուրդը, որի ղեկավարն է վերջերս քաղաքապետ ընտրված Սամվել Բալասանյանը, որոշում է կայացրել թիվ 35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին պաշտպանել ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին՝ Արման Սահակյանին: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ Արման Սահակյանը մայիսյան խորհրդարանական ընտրություններին թիվ 34 ընտրատարածքում պարտվել էր ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին, այս անգամ նրա մրցակիցն է ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը: Թիվ 35-ում պատգամավորի տեղը թափուր է մնացել այն բանից հետո, երբ սեպտեմբերին Գյումրիի քաղաքապետ է ընտրվել Սամվել Բալասանյանը: Նշենք, որ վերջինիս սատարում էր ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
Ուրիխանյանն ընդգծել է՝ այս պահի դրությամբ հնարավոր է խոսել ոչ թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, այլ ԲՀԿ տարածքային կառույցի որոշոման մասին:
«ՀԺ»-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք այս դրվագը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության բեկումնային պահն է՝ այն դադարեցնելու առումով, Ուրիխանյանը հայտարարել է.
«Էդ հարցը պիտի տաք ՀԱԿ-ին, որովհետև ԲՀԿ-ն, չեմ կարծում, որևէ դիտարկելու բան ունի այդ հարցում: Եթե ՀԱԿ տարածքային կառույցը խնդիր ունի ԲՀԿ-ի տարածքային կառույցի հետ համագործակցելու հարցում, դա այլ հարց է»:
«ՀԺ»-ն խնդրի առնչությամբ մեկնաբանություն է խնդրել նաև Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանից, ով նշել է, որ ՀՀԿ-ի թեկնածուին սատարելը ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը չէ:
«Տարածքային կառույցի որոշումը չի նշանակում, որ սա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական դիրքորոշումն է: Ես տարածքային կառույցի որոշումը չեմ մեկնաբանում», – ասել է Մուսինյանը:
«Ես գիտեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր իր գործելակերպով հանրապետությունում ընդդիմություն է: Կարծում եմ, որ Բալասանյանի հայտարարությունը հնչել որպես անձի հայտարարություն, իր թիմի հայտարարություն: Դրանից մենք բացարձակապես չենք մտահոգվում», – տեղի ունեցածը թերթի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է նաև ՀԱԿ-ի թեկնածու Մուրադ Գրիգորյանը: