Անպտղության բուժման համար Հայաստանում չկա պետական աջակցություն այն անպտուղ զույգերին, որոնք ի վիճակի չեն միանվագ մեծ գումար տրամադրել, ու սա մտահոգիչ է: Հայաստանում անպտղության բուժումը տատանվում է 3500-ից 5000 դոլարի սահմաններում, իսկ այլ երկրներում՝ 12.000-ից մինչև 20.000 դոլար, ու մի շարք երկրներում գումարը տրամադրում է պետությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, Վերարտադրողական բժշկության մասնագետ ռեպրոդուկտոլոգ Կարինե Թոխունցը:
«Իսրայելի պես փոքր երկրում անպտղության բուժման բոլոր փորձերը, անկախ արդյունքից, անսահմանափակ վճարում է պետությունը: Պետք է նշեմ՝ միշտ չէ, որ անպտղության թանկարժեք բուժման բոլոր փորձերը հաջողությամբ են ավարտվում», – նշել է պրոֆեսորը:
Անպտղության բուժման մեթոդները թեև տարբեր են, սակայն ամենաարդյունավետը արհեստական բեղմավորումն է ու այս եղանակով բուժումը՝ գնի առումով, Հայաստանում հասանելի է միայն 30 տոկոսին: Այս մասին ասել է հանդիպման մասնակիցներից Երևանում Մարդու Վերարտադրողականության «Fertility center» Կենտրոնի տնօրեն, Հայաստանում մարդու վերարտադրողականության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը:
«Անպտղության տեսակի հիվանդությունները մոտ 40 տեսակ են՝ 22-ը կապված է կանանց, 18-ը՝ տղամարդկանց հետ: Ցավալի է, որ բժշկությունը կա, մեթոդները, դեղերը, մասնագետները, հիվանդները, պահանջները կան, սակայն չկա ֆինանսական ճիշտ քաղաքականություն: Ամբողջ ծանրությունն ընկած է զույգերի վրա ու մենք չենք կարող անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել նրանց», – նշել է Համբարձումյանը:
Նրա հավաստմամբ՝ միշտ չէ, որ արհեստական բեղմնավորման առաջին փորձը հաջող է ավարտվում ու դա հանգեցնում է խորը դեպրեսիայի, մինչև իսկ ընտանիքներ են քայքայվում:
«Հայաստանում ամեն 7-րդ զույգ տառապում է անպտղությամբ, իսկ տարեկան 9000 զույգ կարիք ունի արհեստական բեղմնավորման»,- նշել է Թոխունցը:
Բանախոսների հավաստմամբ՝ ամբողջ աշխարհում անպտղության խնդիրն առաջնային տեղում է, իսկ մեզ մոտ չկա պետական աջակցությունը:
«Մենք դիմել են կառավարությանը, Ազգային ժողովին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն Հայաստանում այս խնդրին լուծում տալու կապակցությամբ», – եզրափակել է Թոխունցը: