Home / Հայաստան / Ո՞վ ԱԺ-ում պետք է հանդիպեր ԱՄՆ դեսպանին. թերթը գրում է սկանդալի մասին

Ո՞վ ԱԺ-ում պետք է հանդիպեր ԱՄՆ դեսպանին. թերթը գրում է սկանդալի մասին

Երեկ ՀՀ Ազգային ժողովում արարողակարգային բնույթի սկանդալ է տեղի ունեցել, գրում է «168 ժամ» պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպման նախնական պայմանավորվածություն է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի և ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենի հետ։ Երբ ԱՄՆ դեսպանի ղեկավարած պատվիրակությունը եկել է Ազգային ժողով հանդիպման, պարզվել է, որ Արտակ Զաքարյանը Հայաստանում չէ։

ԱԺ արարողակարգի ծառայությունից զանգահարել են Արտակ Զաքարյանին, և նա ասել է, որ իր տատիկն է մահացել, և ինքը 10 օրից ավելի գտնվում է Լեռնային Ղարաբաղում:

«Ազգային ժողովում շտապ կարգով սկսել են Արտակ Զաքարյանին փոխարինող փնտրել։ Սկզբում մտածել են, որ դեսպանին ընդունի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, բայց պարզվել է, որ նա ԱԺ-ում չէ։ Վիճակը փրկելու գործը հանձն է առել ԱԺ մյուս փոխնախագահը՝ Հերմինե Նաղդալյանը, ով նաև Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարն է։ Ի վերջո, հանդիպումը կայացել է», գրում է «168 ժամը»։

Թերթի թղթակցի հետ զրույցում Արտակ Զաքարյանը ժխտել է, որ ինքը դեսպանի հետ հանդիպելու պայմանավորվածություն է ունեցել։

«Ձեզ նման բան ասողը կատարյալ հիմարություն է ասել», – նշել է Զաքարյանը։ Նա պնդել է, որ հանդիպումը նախատեսված է եղել Հերմինե Նաղդալյանի հետ, ով Հայաստան-ԱՄՆ բարեկամության խմբի ղեկավարն է։

«Հետաքրքիր է՝ եթե հանդիպումն ի սկզբանե Արտակ Զաքարյանի հետ չէր նշանակված, այլ Հերմինե Նաղդալյանի, որտեղի՞ց Զաքարյանը, գտնվելով Ղարաբաղում, գիտեր դրա մասին։ Փորձելով ցույց տալ իր անտեղյակությունը սկանդալից՝ Զաքարյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք հանդիպումը Նաղդալյանի հետ կայացել է, թե՞ ոչ։ Մինչդեռ Արտակ Զաքարյանը կարող էր ասել, որ ինքն իսկապես մոռացել է նախապես նշանակված հանդիպման մասին։ Ճիշտ է, տեղի ունեցածն էթիկայի առումով ոչ մի արդարացում չունի, բայց գոնե կարելի է ավելի ազնիվ լինել», – ընդգծում է պարբերականը: