Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. «Ինչու չէ՝ միասնական թեկնածու…». Օսկանյանը դիմել է ԱԺ-ի մոտ հավաքվածներին

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. «Ինչու չէ՝ միասնական թեկնածու…». Օսկանյանը դիմել է ԱԺ-ի մոտ հավաքվածներին

Ընդդիմադիր կուսակցությունների բանակցությունների առաջին փուլը արդեն բարեհաջող է անցել, դրանք պետք է շարունակել և եկող շաբաթվա ընթացքում պետք է ձևավորել ընդհանուր օրակարգ և, գուցե, միասնական թեկնածու նախագահական ընտրություններին: Այս մասին ԱԺ-ի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցներին ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

«Ոչ իշխանական ուժերը պետք է ընդհանուր մոտեցում ունենան, միասին գործենք, որպեսզի նախագահական ընտրություններից հետո կարողանանք փոփոխություններ կատարել, որոնց դրական  ազդեցությունը մեր ժողովուրդն իր մաշկի վրա կզգա: Շատ բան կախված է մեզնից, մենք պետք է մեր նեղ կուսակցական շահերը մի կողմ դնենք: Շատ բան կախված է նաև ժողովրդից: Ինչու չէ, Աստված տա՝ նաև միասնական թեկնածու ունենանք»,- ասել է Օսկանյանը: Այդ պահին հավաքված մարդիկ սկսել են  վանկարկել «Լևոն, Լևոն»:

Օսկանյանը համաձայնել է նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հնչեցրած տեսակետին, թե արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը տապալելով՝ իշխանությունը ապացուցել է, որ վախեցած են նախագահական ընտրություններից:

«Նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար իշխանությունը կախված է կես միլիոն կեղծ ձայներից: ՀՀԿ-ն արհամարհեց ոչ միայն կուսակցություների, այլև ժողովրդի և ՀԿ-ների պահանջը»,- ասել է Զուրաբյանը՝  հայտարարելով, որ պետք է փետրվարին պահանջել ռեժիմի կապիտուլացիան:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ կիսել է Օսկանյանի ցանկությունը, թե ընդդիմությունը պետք է միասնական թեկնածու ունենա:

Անդրադառանալով  օրենսդրական փոփոխությունների մասին արտահերթ նիստը տապալելու փաստին՝ Մանուկյանն ասել է, որ  նախաձեռնությանը միացած  ՀՅԴ-ական պատգամավորները մտադիր են բարձրացնել նիստից բացակայած ՀՀԿ-ական պատգամավորների հարցը Էթիկայի հանձնաժողովում:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում պարզաբանելով արտահերթ նիստ չգումարելու ՀՀԿ-ի որոշումը՝ ասել է, որ «քաղաքական մեծամասնությունն իրենց երաժշտության տակ չպետք է պարի»: