«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվ անդամները գտնում են, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով և այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Այս երկու շաբաթվա ընթացքում երկու զուգահեռ գործընթացներ տեղի ունեցան: Առաջինը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդակցություններն էին քաղաքական ուժերի հետ համակարգային փոփոխությունների նպատակով ընդհանուր օրակարգ ձևավորելու շուրջ: Մյուսը՝ ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հանդիպումներն էին մարզերում և Երևանում տարածքային կառույցների անդամների հետ, որոնց նպատակն էր քննարկել և նրանց տեսակետներն իմանալ
ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:
Առաջինի հետ կապված՝ երեկ «Ազատ դեմոկրատների» հետ հանդիպումով ավարտվեց խորհրդակցությունների առաջին փուլը: Մենք հանդիպեցինք խորհրդարանում ներկայություն ունեցող քաղաքական բոլոր ուժերի հետ՝ բացառությամբ ՀՀԿ-ի, որը չէր ցանկացել հանդիպել: Այս պահին հեռու եմ այն մտքից, որ ասեմ՝ ինչ-որ ընդհանուր օրակարգի շուրջ կա համաձայնություն, բայց կարող եմ ասել, որ այս ընթացքում առաջացավ բավական ընդգրկուն քաղաքական օրակարգ՝ բազմաթիվ ընդհանրություններով:
Երկրորդի հետ կապված՝ հանդիպումները ԲՀԿ տարածքային կառույցներում ցույց տվեցին, որ կուսակցության ակտիվ անդամները գտնում են, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Այդ հանդիպումների ընթացքում արվել է հետևյալ հարցադրումը. «Նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում ԲՀԿ թեկնածուն պետք է լինի Վարդան Օսկանյանը, բայց չի բացառվում անհրաժեշտության դեպքում Գագիկ Ծառուկյանի առաջադրումը»: Չնայած այն հանգամանքին, որ հենց Գագիկ Ծառուկյանի առաջարկով որպես առաջնային տարբերակ քննարկվել է իմ թեկնածությունը, կուսակցության անդամները արտահայտվել են հօգուտ Ծառուկյանի առաջադրման, ինչին համաձայն եմ նաև ես», – գրել է Վարդան Օսկանյանը:
Վերջինիս կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանը ժողովրդի մոտ մեծ հեղինակություն և համակրանք է վայելում:
«Միաժամանակ, ժողովրդի և քաղաքական ուժերի մոտ պահանջ կա հասարակական համախմբման և համակարգային լուրջ փոփոխություններ ենթադրող օրակարգի հիման վրա միասնական ուժերով, ինչու չէ՝ նախագահական ընտրություններին նաև միասնական թեկնածուով երկիրը դուրս բերել ծանր վիճակից:
Ահավասիկ, այս երկու հանգամանքների հիման վրա է, որ քաղաքական ուժերը առաջիկայում պետք է որոշում կայացնեն, թե ինչ ձևաչափով, ինչ օրակարգով և ինչ թեկնածուով են մասնակցելու նախագահական ընտրություններին», – նշում է ԲՀԿ-ական պատգամավորը: