«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններին առաջադրվելու վերաբերյալ իր մեջ որոշումն արդեն կայացրել եմ: Այլ հարց է, որ քանի դեռ ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս այն չհրապարակել, նա օգտվում է այդ հնարավորությունից: Այս մասին Ծառուկյանն ասել է Zham.am-ի հետ զրույցում:
«Սա նաև օպտիմալ ժամանակահատված է՝ կուսակցական ընկերների և քաղաքական դաշտում գործընկեր կուսակցությունների կարծիքները և առաջարկները լսելու համար», – ասել է ԲՀԿ ղեկավարը:
Հարցին, թե վերջնական խոսքի ուշացման դեպքում ժամանակը կարող է իր դեմ կամ իր օգտին աշխատել, Ծառուկյանը պատասխանել է. «Ժամանակը, դեմ կամ կողմ աշխատելուց բացի, ունի նաև այլ կարեւոր հատկանիշներ: Ժամանակը պահանջում է նաև համբերություն և ճշգրիտ, հաշվարկված որոշումներ կայացնելու անհրաժեշտություն»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվ անդամները գտնում են, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով և այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Այսօր ԱԺ-ի մոտ կայացած ակցիայի ժամանակ Օսկանյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր ուժերը, հնարավոր է, հանդես գան միասնական թեկնածուով: