Home / Հայաստան / ԱԺ արտահերթ նիստը չի մեկնարկել. ՀՀԿ-ն տապալում է ընդդիմության նախաձեռնությունը

ԱԺ արտահերթ նիստը չի մեկնարկել. ՀՀԿ-ն տապալում է ընդդիմության նախաձեռնությունը

Այսօր Ազգային Ժողովում հրավիրված արտահերթ նիստին գրանցվել է 44 պատգամավոր: Ինչպես և սպասվում էր, նիստին չեն ներկայացել իշխող կոալիցիայի՝ Հանրապետական կուսակցության և ՕԵԿ-ի ներկայացուցիչները: Դա հնարավորություն չի տվել այս պահին քվորում հավաքել նիստն անցկացնելու համար: Համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի, այժմ պատգամավորները պետք է սպասեն մինչև ժամը 15:00-ն, և եթե այդ ժամանակ ներկաների անհրաժեշտ քանակ չհավաքվեց՝ նիստը չեղյալ կհամարվի: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայությունը:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստը հրավիրել է Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը՝ հավաքելով անհրաժեշտ թվով ստորագրություններ (համաձայն Սահմանադրության 70 հոդվածի պետք է հավաքել առնվազն 44 ստորագրություն, հավաքվել է 48): Նախաձեռնությանն աջակցել են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»:

Հանրապետական կուսակցութան խմբակցությունը դեռևս երեկ հայտարարել էր, որ ամբողջ կազմով նիստին չի ներկայանալու:

Դեռևս երեկ լրագրողնների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խբմակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ նման քայլով ՀՀԿ-ն թույլ չի տալիս ընդդիմությանը օգտվել իր սահմանադրական իրավունքից:

Արտահերթ նիստը պետք է նվիրված լիներ ընտրական համակարգում փոփոխություններ կատարելու մասին ՀԱԿ-ի առաջարկին: