Home / Հայաստան / Արդյո՞ք Սերժ Սարգսյանը Լոնդոնում առանձնատուն է գնել. խոսնակը հերքում է

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը Լոնդոնում առանձնատուն է գնել. խոսնակը հերքում է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում երեքսենյականոց առանձնատուն է գնել, որի արժեքը 15 միլիոն եվրո է: Այսպիսի հրապարակմամբ այսօր հանդես է եկել «Ժողովուրդ» օրաթերթը, որը հղում է կատարում իր աղբյուրների վրա:

Թերթը նշում է, որը առանձնատունը գտնվում է Լոնդոնի կենտրոնում՝ ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս խոշոր գործարար Արմեն Սարգսյանի առանձնատան կողքին:

«Կարծիք կա, որ առանձնատունը Սերժ Սարգսյանի համար գնել է անձամբ Արմեն Սարգսյանը», գրում է «Ժողովուրդը»:

Թերթի տեղեկությունները, սակայն, հերքել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը:

«Անտաղանդ հորինվածքներն ու անհեթեթությունները չեմ մեկնաբանում», – ասել է նա թերթի թղթակցին:

Epress.am-ը, ուսումնասիրելով Լոնդոնի անշարժ գույքի շուկան, քաղաքի կենտրոնում մի շարք վաճառվող 4 կամ 5 ննջասենյակ ունեցող (սենյակների քանակը չափվում է ննջասենյակներով – խմբ.) առանձնատներ է գտել, որոնց գինը տատանվում է 3-ից 7 միլիոն եվրոյի սահմանում: Այս պահին անշարժ գույքի բրիտանական խոշոր գործակալությունները 15 միլիոն եվրոյի սահմաններում առաջարկում են ընդամենը մի քանի առանձնատները, որոնք, սակայն, ունեն 10 և ավելի ննջասենյակներ: