«Քարնեգի» հիմնադրամի Հարավային Կովկասի գծով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի կարծիքով՝ Հայաստանում չկա Բիձինա Իվանիշվիլիի մակարդակի գործիչ:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դե Վաալը համոզմունք է հայտնել, որ առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահը Հայաստանում կվերընտրվի. «Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից ունի: Ես չեմ տեսնում պարոն Իվանիշվիլիի հայկական տարբերակը: Գագիկ Ծառուկյանը նույն մակարդակի վրա չէ, ինչ Իվանիշվիլին էր ընտրություններից առաջ»:
Փորձագետի կարծիքով, Սերժ Սարգսյանը, նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում, կփորձի քայլեր ձեռնարկել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:
«Լեռնային Ղարաբաղի խնդիրը, սակայն, շատ բարդ փուլում է: Չեմ կարծում, որ մոտ ապագայում երկու նախագահները իրական առաջընթաց գրանցեն համակամարտության լուծման հարցում: Խնդիրն արտաքին քաղաքականությանն է վերաբերում, բայցև մեծ ազդեցություն ունի ներքաղաքական միջավայրի վրա», – ասել է նա: շարունակելով», – ասել է նա:
Անդրադառնալով Վրաստանում կայացած ընտրություններին` դե Վաալը նշել է, թե դրանք «արմատապես տարբերվում են տարածաշրջանի մյուս ընտրություններից».
«Վստահաբար պետք է ասեմ, որ Վրաստանի ընտրությունները շատ լավ ընթացան: Վստահ եմ նաև, որ նախագահ Սաակաշվիլին և իր կուսակցությունը մտադրություն չունեին պարտվելու: Սա «ակամա» ժողովրդավարություն է, բայց, այդուհանդերձ, ժողովրդավարություն է: Իշխանության փոփոխություն տեղի ունեցավ: Շատ դժվար գործընթաց էր, քանի որ այդ երկու կուսակցությունները փորձում էին վերացնել մեկը մյուսին, իսկ հիմա ստիպված են հանդուրժել միմյանց»: