Home / Տեսանյութեր / Խտրականության դեմ պայքարը ձևական է. ՄԻ պաշտպանը օրենքի նախագիծ է մշակում

Խտրականության դեմ պայքարը ձևական է. ՄԻ պաշտպանը օրենքի նախագիծ է մշակում

Այսօր Հայաստանում չկա մի օրենք, որ պաշտպանի կանանց, ծերերին, հաշմանդամություն ունեցող մարդկանց, փոքրամասնություններին, երեխաներին և այլ մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով ենթարկվում են խտրական վերաբերմունքի։ Ինչպես հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, խտրականության դեմ պայքարը ձևական է, և այս օրենսդրական բացը լրացնելու համար ՄԻ պաշտպանը նախաձեռնել է «Խտրականության դեմ» օրենքի նախագծի մշակում, որը հնարավորություն կտա խտրական վերաբերմունքի արժանացած բոլոր մարդկանց պաշտպանել իրենց իրավունքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Կմշակվեն արդյունավետ մեխանիզմներ, որոնք կնպաստեն խտրականության դեմ պայքարի և կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպմանը:

Սույն օրենսդրական նախաձեռնության մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր հանդիպել էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին կանանց, փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, փախստականների և այլ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներ։

Օրենքի նախագծի սկզբնական տարբերակի մշակման ավարտից հետո, այն կներկայացվի բոլոր շահագրգիռ կողմերին իրենց կարծիքի, առաջարկությունների և նկատառումների համար: