Ուկրաինայի Եվպատորիա քաղաքում նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ծովում գտել են կնոջ դի: Տեղի ԱԻՆ աշխատակիցները ափին գտել են կնոջ անձնական իրերը: Եվպատորիայի ոստիկանությունը պարզում է մահվան հանգամանքները: Ինչպես նշում է Armenia Today գործակալությունը, զոհվածը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարան ներխուժած ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի մայրն է:
Նատելա Գալստյանի մահվան փաստը գործակալության հետ զրույցում հաստատել է նրա հարևանը՝ Ալևտինա Սմիրնովան: Նա նշել է, որ նախօրեին տեսել է Գալստյանին, սակայն արդեն երեկոյան նրա որդին՝ Արմենը, ասել է, որ չի կարողանում գտնել մորը:
«Որդին փնտրել է նրան և գտել է ծովում», – հայտարարել է Սմիրնովան:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունում և ոստիկանությունում հրաժարվել են տեղեկատվություն հաղորդել կնոջ ինքնության մասին՝ նշելով, որ, համաձայն օրենքի իրենք իրավունք չունեն նման տեղեկատվություն տրամադրել:
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի ղեկավարած ահաբեկչական խումբը ներխուժել էր ՀՀ Ազգային ժողով, որտեղ գնդակահարել էր 8 մարդու՝ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանին և Յուրի Բախշյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին և երեք պատգամավորների՝ Միքայել Քոթանյանին, Արմենակ Արմենակյանին և Հենրիկ Աբրահամյանին:
Ձերբակալված ահաբեկիչները՝ Նաիրի և Կարեն Հունանյանները, Էդուարդ Գրիգորյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը և Վռամ Գալստյանը (կախվել է խցում) դատապարտվել են ցմահ ազատազրկման: 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը մահացել է բանտում: