Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանին Բաքվում զրկել են ելույթի հնարավորությունից

Րաֆֆի Հովհաննիսյանին Բաքվում զրկել են ելույթի հնարավորությունից

Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Բաքու ավարտվել է սկանդալով: Իչպես հաղորդում է «168 ժամը»՝ հղում կատարելով ադրբեջանական աղբյուրներին, երեկ երեկոյան՝ Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողվի ավարտին, երբ ընթերցվում էր կոնֆերանսի ամփոփիչ հայտարարությունը, «Ժառանգության» առաջնորդը մոտեցել է ամբիոնին և արտահերթ ձայնի իրավունք խնդրել:

Ըստ «Թուրան» գործակալության՝ այն բանից հետո, երբ նա մերժում է ստացել, դահլիճում վիճաբանություն է սկսվել, որի արդյունքում Հովհաննիսյանին այդպես էլ ելույթի հնարավորություն չի ընձեռվել:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հովհաննիսյանի վրդովմունքի պատճառը փաստաթղթում տեղ գտած Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին դրույթն էր: «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, սակայն, «Արմինֆո» գործակալությանը փոխանցել է, որ իրականում վիճաբանության պատճառն այլ է եղել:

«Հովհաննիսյանի ելույթը օրակարգում նախատեսված էր, սակայն ընթացակարգը խախտվել է, ինչն էլ դարձել է վիճաբանության պատճառ», – նշել է կուսակցության ներկայացուցիչը:

Իրավիճակը Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ լարվել էր դեռ առավոտյան, երբ ադրբեջանական պատվիրակության մի շարք անդամներ հանդես եկան կոշտ հայտարարություններով:

Հակադարձելով «Ժառանգության» ղեկավարի՝ Բաքվում արած այն պնդմանը, թե Ադրբեջանն է ագրեսիա իրականացրել Լեռնային Ղարաբաղի դեմ, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն ասել էր․ «Հովհաննիսյանի հայտարարությունները լկտի սուտ են»:

Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության ղեկավար Ասիմ Մոլլազադեն ըստ էության հակադարձելու փոխարեն կրկին խոսել է Խոջալուի դեպքերի մասին:

Իսկ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Մուբարիզ Ղուրբանլին հայտարարել է․ «Պատմականորեն Ադրբեջանը բավական մեծ տարածքներ է ունեցել, սակայն եթե այսօր մենք սկսենք դրանք ետ պահանջել, ապա աշխարհում քաոս կսկսվի»:

Հիշեցնենք, որ Բաքվում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունեն ինքնորոշման իրավունք, և հույս էր հայտնել, որ հարաբերությունները կվերականգնվեն, եթե կողմերը հասկանան, որ պատասխանատվութուն են կրում ամբողջ տարածաշրջանի համար:

«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունեն իրենց ինքնության մասին խոսելու իրավունք, և պետք է հարգել այն, ինչպես նաև կողմերի մշակութային ժառանկությունը: Իսկ կողմերի՝ միմյանց ուղղված սուր քննադատությունները և մեղադրանքները չեն նպաստում խաղաղ կարգավորմանը:

Ես հասկանում եմ 700 հազար ադրբեջանցի և 400 հազար հայ փախստականների խնդիրը: Նրանք բոլորը իրավունք ունեն վերադառնալ իրենց  տները, ադրբեջանցիները պետք է վերադառանան Լեռնային Ղարաբաղ, հայերը՝ Թուքիա: Ես այստեղ եմ, որպեսզի հակամարտության լուծման ուղի փնտրեմ: Սա իմ առաջին այցն է Բաքու, ես հույս ունեմ այցելել Բաքում գոյություն ունեցող եկեղեցի և հանդիել այն քիչ հայերին, ովքեր շարունակում են ապրել Բաքվում»,- ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: