ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում մեկնաբանել է Հայաստան մատակարարվող ռուսաստանյան գազի սակագնի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավարապես, Ռուսաստանի առաջարկը՝ գազի գինը բարձրացնել մինչև 330 դոլար:
«Չկան այնպիսի հարցեր, որոնց շուջ մենք ունակ չենք պայմանավորվել, և երբեք նման հարցեր չեն եղել: Մենք միշտ պայմանավորվել ենք: Ներկա պահին հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ենք եկել, մնում են տեխնիկական դետալներ, որոնք պետք է կարգավորվեն: Կոռեկտ չէ բանակցային գործընթացի ժամանակ հանրությանը ներկայացնել համատեքստից դուրս բերված այս կամ այն դրույթը: Դա սխալ կլիներ: Այդ իսկ պատճառով, երբ մենք կավարտենք բանակցային գործընթացը, ամեն ինչ պարզ կդառնա: Տառացիորեն մոտ ժամանակներս: Կարծում եմ՝ մինչև տարվա վերջ մենք կավարտենք բանակցությունները», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարի համաձայն, գները փոփոխվելու են՝ համաշխարհային շուկայի վիճակը հաշվի առնելով: Դրանք չեն կարող ֆիքսվել հավերժ:
«Փոխվում է համաշխարհային կոնյունկտուրան, գները բարձրանում են կամ իջնում են, և, իհարկե, բանակցող կողմերը պետք է համաձայնության գան գինը որոշելու մեթոդաբանության շուրջ: Այդ դեպքում ապագայում գնի փոփոխությունները ավելի հանգիստ կընկալվեն», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետն առաջարկել է սպասել՝ նշելով, որ այս պահին չի ցանկանում բացասական ազդակներ ուղարկել հանրությանը: