«Եթե ես ծնված լինեի Ամերիկայում, ծագումով լինեի անգլոսաքսոնացի, եթե ավարտեի Հարվարդը, ապա անպայման կփորձեի ստանալ Նոբելյան մրցանակ: Մնացած ամեն ինչում ես նույն Հրանտ Բագրատյանն եմ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով, մասնավորապես, այն հարցին, թե ինչպիսի՞ն կլինի իր դիրքորոշումը, եթե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրի իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններին:
«Ես անվերջ ասել եմ ու ասում եմ՝ ՀԱԿ-ը կունենա իր թեկնածուն: Կարող ենք հաշվել հնարավոր թեկնածուներին՝ կարող է լինել Լյուդմիլա Սարգսյանը, կարող է լինել Պետրոս Մակեյանը: Քանի՞սն եք ուզում թվարկեմ», – ասել է Բագրատյանը:
Իր թեկանածությունն առաջադրելու մասին հարցին՝ նախկին վարչապետը կատակով պատասխանել է, որ իր մանկական երազանքների մեջ չի մտնում նախագահ դառնալը:
«Կգա օրը և բոլորը կլսեն նախագահի թեկնածուի անունն էլ, ազգանունն էլ, հայրանունն էլ չենք թաքցնի», – ասել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ այսօր «168 ժամ» պարբերականը տեղեկություններ էր հաղորդել, ըստ որի Բագրատյանը պատրաստվում է առաջադրվել 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: