Հայաստանի իշխանությունները լիահույս են, որ շուտով արաբական աշխարհում խաղաղություն կտիրի, և մարդիկ հնարավորություն կստանան բռնել կայուն զարգացման ճանապարհը: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Լիբանանի Հայկազյան համալսարանում:
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը կողմ է այդ փոփոխությունների խաղաղ իրագործմանը՝ առանց զոհերի և ահաբեկչության։
Նշելով, որ Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանների անվտանգությունը մեծապես շաղկապված է, ՀՀ նախագահը համալսարանականներին ասել է.
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի հաշտվել և մշտապես ընդվզել է Ադրբեջանին բռնակցելու՝ խորհրդային իշխանությունների ապօրինի որոշման հետ, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո արցախցու ազատ ապրելու կամքը զենքի ուժով խեղդելու Ադրբեջանի իշխանությունների փորձերը համարժեք պատասխան ստացան: Արդեն գրեթե երկու տասնամյակ բանակցություններ են ընթանում, սակայն առայժմ չունենք խաղաղության համաձայնագիր միայն մեկ պատճառով. Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի փոխզիջումային լուծման, իսկ նավթային հեշտ եկամուտները այդ երկրի ղեկավարների մոտ գլխապտույտ ու սին պատրանքներ են առաջացրել խնդրի ռազմական լուծման ուղղությամբ:
Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ հրահրում են սպառազինությունների մրցավազք, հրաժարվում վստահության միջոցառումներից, փորձում մշտական լարվածություն պահել շփման գծում, մերժում համագործակցության, երկխոսության ցանկացած առաջարկ` այս ամենի համար վատնելով միլիարդներ: Սա իրական վտանգ է, որը թեժացնում է տարածաշրջանում առանց այդ էլ լարված մթնոլորտը` փոշիացնելով երկխոսության և խաղաղության հնարավորությունները»:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ չնայած այս ամենին, Հայաստանը հավատարիմ է խաղաղ բանակցային ճանապարհով հարցի կարգավորմանը, քանի որ գիտակցում է պատերազմի արհավիրքը ոչ միայն հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված ժողովուրդների, այլև ամբողջ տարածաշրջանի համար և այս կապակցությամբ բարձր է գնահատում նաև Լիբանանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի առնչությամբ:
ՀՀ նախագահը խոսել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին, նշել, որ մոտենում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, և մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը դեռևս պետք է ստանա իր արժանի գնահատականը: Համաշխարհային քաղաքակիրթ հանրությունը, Սերժ Սարգսյանի խոսքով, դեռևս իր խոսքն ունի ասելու այս հարցում: