Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի (ICAPP) 7-րդ Գլխավոր ասամբլեայում ընդունված՝ Բաքվի հռչակագրի կապակցությամբ նոյեմբերի 25-ին «Ժառանգություն» կուսակցության նախագահի կողմից պաշտոնական բողոքի նամակ է ուղարկվել ICAPP համանախագահներ Խոսե դե Վենեցիային և Չունգ Իու-Յոնգին, կազմակերպության քարտուղարությանը, նաև Ասամբլեայի մասնակից պատվիրակներին: Այս մասին նշվում է «Ժառանգություն» կուսակցության հաղորդագրության մեջ:
Նամակում պրն Հովհաննիսյանը պաշտոնապես և գրավոր ձևակերպել է իր բանավոր դիտողությունները, որ հայտնել է Ասամբլեայի եզրափակիչ նիստի ընթացքում և ավարտից հետո, որոնցից շատերն անլսելի են դարձել դահլիճի բարձրացրած աղմուկի պատճառով:
Նամակում Հովհաննիսյանը նշել է, որ հռչակագիրը զեղծարարությունների և քվեարկության կամ պահանջված կոնսենսուսի բացակայության պատճառով, այն, ըստ էության (de jure), չի ընդունվել:
«Այն պարտադրվել է Ասամբլեայի պատվիրակներին` նրանց իրավունքների և արժանապատվության աղաղակող անտեսմամբ, միտումնավոր ոտնահարելով կազմակերպության ընթացակարգերը, որոնք պահանջում էին. ա) փաստաթղթի ընդունում կոնսենսուսով (առնվազն ես հրապարակայնորեն և վստահաբար առարկել եմ փաստաթղթին), և բ) վերջնական նախագծի բաժանում բոլոր պատվիրակներին՝ եզրափակիչ նիստից առաջ (ինչը դիտավորյալ չարվեց): Հռչակագիրը պարտադրվեց, ինչպես երևաց, կանխակալ դավադրությամբ (առնվազն Պակիստանից բարձրաստիճան սենատորի կողմից, ով գլխավորում էր նախագծի մշակման հանձնախումբը և տեղյակ էր, որ ես, համաձայն կազմակերպության ընթացակարգերի, պահանջել եմ նախապես ծանոթանալ Հռչակագրի նախագծին և արտահայտվել դրա վերաբերյալ, եթե պարզվի, որ այն միակողմանի է, հատվածական և/կամ ոչ ճշմարիտ) և լուռ թողտվությամբ (Դուք երկուսդ անվրդով նստել էիք մինչ ադրբեջանական պատվիրակությունը և բանաձևի նախագիծը մշակող սենատորը, ԱՔԿՄՀ-ի կանոնների և ընթացակարգերի խախտումներով, առաջ էին շարժվում)», – Խոսե դե Վենեցիային և Չունգ Իու-Յոնգին գրել է «Ժառանգության» առաջնորդը:
Հովհաննիսյանն իր նամակում նաև անդրադարձել է վերջին պահին Հռչակագրում ավելացված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պարբերությանը.
«Կոնսենսուս չկար. օրենքի գերակայությունը ծաղրի ենթարկվեց օրը ցերեկով, և ինչն ավելի վատ էր՝ փաստաթղթի «վերջնական» տեքստը ներառեց Լեռնային Ղարաբաղին առնչվող բաժին, որը գաղտագողի ավելացվեց վերջին պահին՝ Հռչակագիրը վերածելով Ադրբեջանի ստանդարտ քարոզչական թղթի, որը ոչ միայն կեղծ էր ու յուրաշահ, այլև զորակցեց Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությանը և բռնության խթանմանը (արտահայտված բռունցքներով հարվածելու հետամնաց դրսևորումներով, որի մասին մենք բոլորս կարող ենք վկայել)` փոխանակ խաղաղությանը, անվտանգությանը և հաշտեցմանը ծառայելու: Ինչպիսի հեգնանք»:
Իբրև հակազդեցություն կատարվածի՝ Հովհաննիսյանը ICAPP ղեկավարներից պահանջել է.
«Ես սույնով պահանջում եմ, որ Դուք ճիշտ գործ անեք, ուղղեք ձեր սխալը և անվավեր համարեք «Բաքվի հռչակագիր» կոչված զեղծարարությունը, ինչպես նաև դրա հրապարակումը` անհապաղ ու ամբողջապես:
Եթե դա չարվի, ապա եթե անգամ ոչ մի այլ բարեխիղճ պատվիրակ պաշտոնապես չարտահայտի իր բողոքը, ես պահանջում եմ, որ դուք հանեք «Հայաստան» բառն այդ կեղծված թղթի կտորից»: