ՀՀ բնապահպանության նախարարությունը համարում է, որ Բնություն համաշխարհային հիմնադրամի և Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան գրասենյակներների ներկայացուցիչներ Կարեն Մանվելյանը և Արման Վերմիշյանը գերազանցել են իրենց վերապահված իրավասությունները, նրանք «ընդամենն այդ կազմամակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, և օժտված չեն այդ կազմակերպությունների և նախարարության միջև հարաբերություններ վերանայելու իրավասությամբ»:
Այս մասին ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որն անդրադառնում է հիմանդրամների ներկայացուցիչների ավելի վաղ արված հայտարարությանը:
Հիշեցենք, որ երկու կազմակերպությունները դադարեցրել են Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը՝ նշելով, որ «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը խախտումներով է անցկացվել և արդյունքում հաղթել է բարձրագույն կրթություն չունեցող և պաշտոնին չհամապատասխանող Գաբրիել Պողոսյանը:
«Առաջիկայում նախարարությունը, անկախ մրցույթի հետ կապված հետագա զարգացումներից, հանդես կգա համապատասխան գնահատականներով` կատարված հայտարարությունը գնահատելով նաև որպես նախարարության ներքին գործերին միջամտելու անհաջող փորձ», – ասված է Բնապահպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Նախարարության հայտարարությունը Facebook-ի իր էջում մեկնաբանել է բնապահպան Սիլվա Ադամյանը.
«Հասարակությունը Ձեզ հիշեցնում է, որ դուք պարոն նախարար ընտրված եք եղել ոչ հանրության կողմից և չէք կատարում ձեր առաքելությունը, այլ կասեի՝ կատարում եք մեր օլիգարխիկ համակարգի քմահաճույքները, ու այս պարագայում և՛ հանրությունը, և՛ միջազգայինները դժգոհ են ձեր աշխատանքից, այնպես որ հանրությունը պահանջում է՝ հեռացե՛ք, այլապես մենք ստիպված կլինենք ձեր գործողությունների մասին գրել միջազգայինների կենտրոնական գրասենյակներին, և դուք կտեսնեք դրանից բխող բոլոր հետևանքները»: