Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մտադիր չէ լքել Վրաստանը՝ քաղաքական հետապնդումներից խուսափելու համար: Այս մասին նա հայտնել է «5-րդ ալիքին» տված հարցազրույցում:
Իրեն Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին նմանեցնելու մասին հարցին Սահակաշվիլին պատասխանել է. «Ես երբեք նման համեմատություններ չեմ արել: Չեմ կարծում, որ նման ենք: Համենայնդեպս, վարսահարդարումն ուրիշ է»:
Սահակաշվիլին, սակայն, նկատել է, որ իրավիճակները երկու երկրներում շատ նման են:
«Կարելի է ասել, որ երկուսն էլ հետխորհրդային երկրներ են: Մարդիկ հիմնականում աղքատ են»,- ավելացրել է նախագահը:
Ճշտող հարցին՝ չի ցանկանում արդյոք ինքը՝ Տիմոշենկոյի օրինակից հետո, նախապես լքել Վրաստանը՝ ընդդիմության հետապնդումներից խուսափելու համար, Սահակաշվիլին պատասխանել է, որ նման մտադրություն չունի:
«Նախ՝ իմ նախագահության ժամկետը լրանում է մեկ տարուց: Սա բավական երկար ժամկետ է: Վրաստանում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Ուկրաինայում, հնարավոր է, դրա համար ավելի շատ ժամանակ է պահանջվում և դա ավելի դանդաղ գործընթաց է: [Վրաստանում] Բնակչության տրամադրությունները շատ արագ են փոխվում: Այդ պատճառով էլ ես ոչ մի տեղ Վրաստանից չեմ գնա: Ես սիրում եմ իմ երկիրը, կմնամ այստեղ և պատկանելու եմ այս երկրին»,- ասել է քաղաքական գործիչը:
Սահակաշվիլին նաև վստահեցրել է, որ Վրաստանի նախկին վարչապետ Բանո Մերաբիշվիլիին չեն հետապնդելու, ինչպես դա անում են Ուկրաինայում, քանի որ բոլորը գիտեն, որ նա «ոչ մի դոլար չի գողացել»: