Վերջին օրերին սկանդալի առարկա դարձած հայոց պատմության բուհական դասագիրքը հաստատված է մինչև 2013 թվականը՝ ներառյալ: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Թերթի թղթակիցը հարց է ուղղել Աշոտյանին, թե ինչպես է հաստատվել մի դասագիրք, որում մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող գլխում փաստեր են աղավաղված:
«Ես կարծում եմ, որ Մարտի 1-ի իրադարձությունները մեր նորագույն պատմության ամենադաժան էջերից մեկն են, և բնականաբար, այդ էջը դեռևս մի քանի անգամ կվերանայվի պատմության ընթացքում, և տարիների ընթացքում վստահաբար ի հայտ կգան մանրամասներ, որոնց մասին մենք տեղյակ չենք այս պահին՝ ոչ ես, ոչ դուք: Այդ գլուխները, բնականաբար, կարող են վերամշակվել և շարադրվել՝ հաշվի առնելով նոր փաստեր, նոր իրողություններ և նոր հայտնաբերումներ: Պահանջել դա անել այսօր, կարծում եմ, արդարացի չէ: Այսօր գիտենք այն, ինչ գիտենք», – պատասխանել է Աշոտյանը:
ԿԳ նախարարը նաև շեշտել է, որ ինքը մարտի 1-ի գործերով դատական նիստերին չի հետևել և անթույլատրելի է համարում ակադեմիական աշխատության վրա քաղաքականացման փորձեր անելը: Նա նշել է, որ պատմաբանների ստեղծագործությունը ենթարկվել է օրենսդրությամբ սահմանված փորձաքննության, և կա փորձագետի գրավոր կարծիք: Աշոտյանի խոսքով՝ ինքը ցանկություն չունի զբաղվել ցենզուրայով և ակադեմիական աշխատությունները սահմանափակելով ու պատմաբանների արտահայտման իրավունքը որևէ կերպ ճնշելով կամ ուղղորդելով:
Թերթի թղթակիցը կրկին հիշեցրել է, որ խոսքը գնում է կեղծված փաստերի, մասնավորապես, դասագրքում առկա այն պնդմանը, որ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ցուցարարները մարտի 1-ին «Մոկսվայի տունը», «Վիվասել» ընկերության գրասենյակը, ինչպես նաև այլ գրասենյակներ են ավիրել: «ՀԺ»-ի լրագրողը հարցրել է նախարարին, թե արդյոք վերջինս տիրապետում է նման փաստերի:
«Ես հիշում եմ լրահոսի մեջ նման տեսակի ինֆորմացիաներ», – ասել է Աշոտյանը: