Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը լուրջ բիզնես-գործունեություն է իրականացնում հարևան Վրաստանում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ Վրաստանի իրավական համակարգի ներկայացուցիչների հետ ջերմ հարաբերությունները Բալասանյանին հնարավորություն են տվել ծավալվել նաև Վրաստանով մեկ:
«Ջավախքում հիմնադրած գարեջրի գործարանին զուգահեռ՝ նա փորձում է Նինոցմինդայի կողմերում ձկնաբուծական տնտեսություն ստեղծել, ինչպես նաև հայ-վրացական բրենդային ուտեստների ռեստորանային համալիր կառուցել։ Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ վերջերս նա մեկնել էր Վրաստան, ուսումնասիրել իրեն հատկացվելիք տարածքները և վերադարձել», – գրում է թերթը։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը նշել է, որ Գյումրիի քաղաքապետի՝ Վրաստանում տարածքներ ու բիզնեսներ ունենալու մասին ունեցած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Ինչ վերաբերում է Ջավախքի գարեջրի գործարանին, ապա տեղում գործարանի կառուցման գործում պարոն Բալասանյանն իսկապես ունի իր մասնակցությունը, քանզի իր միջնորդությամբ ու խնդրանքով է, որ ամերիկյան ներդրողը համաձայնել է հայաթափվող Ջավախքում գործարան կառուցել և աշխատատեղեր ստեղծել տեղում»,– ասել է Եգանյանը։