Նոյեմբերի 30-ին Կոնգոյում վթարի ենթարկված Իլ-76 բեռնատար ինքնաթիռի օդաչուները հայեր են: Այս մասին news.am-ին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
Նրա փոխանցմամբ` վթարի ենթարկված անձինք Հայաստանի քաղաքացիներ են և պայմանագրային հիմունքներով աշխատում էին այնտեղ: Մանրամասները ճշտվում են:
Կոնգոյում Իլ-76 բեռնատար ինքնաթիռը բախվել է բնակելի թաղամասին. Զոհվել է 30 մարդ, տուժել` 20-ը: Իլ-76 ինքնաթիռը Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլ էր թռել երկրի մեծությամբ երկրորդ Պորտ Նուարա քաղաքից : «Կոմսոմոլսկայա պրավդան», վկայակոչելով AP-ին, հայտնում է, որ ուժեղ քամու և վատ եղանակի պատճառով մեքենաներ տեղափոխող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղում և ընկել է ոչ այնքան հեռու գտնվող բնակելի տների վրա, այնուհետև ուժեղ հրդեհ է բռնկվել:
Ավիավթարից անմիջապես հետո Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանը փակվել է, իսկ ողբերգության վայրում աշխատում են հրշեջները, փրկարարները եւ ոստիկանությունը: Զոհերի թիվը հասնում է տասնյակների, ըստ վերջին տվյալների` զոհվել է շուրջ 30 մարդ, այդ թվում՝ Իլ-76-ի անձնակազմի երեք անդամ: