Երեկ ուշ երեկոյան վրացական Ժդանովական գյուղում տեղի է ունեցել մահացու վրաերթ. մահացել է գյուղի բնակիչ Ռոզա Ներսիսյանը: Այս մասին հաղորդում է «Գալա» հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով իր աղբյուրների վրա:
«Ողբերգական այս դեպքը կապվում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի անվան հետ: Համաձայն տեղեկությունների՝ Բալասանյանի ավտոշարասյունը (նախնական տեղեկություններով 4-5 մեքենա) ուղևորվել է գարեջրի գործարան (պատկանում է Բալասանյանին -խմբ.): Գյուղի բնակիչները ԳԱԼԱ-ի լրագրողին փոխանցել են, որ նախավերջին մեքենան է հարվածել փողոցն անցնող կնոջը, ով տեղում մահացել է: Ռոզա Ներսիսյանի բնակարանը փողոցի եզրին է, և, ըստ երևույթին, կինը փողոցը հատելիս է եղել:
Ժդանովական գյուղի բնակիչները նաև պնդել են, որ թեև շքախումբը եղել է Սամվել Բալասանյանինը, սակայն նրա մեքենան չի հարվածել կնոջը:
Հայտնի է նաև, որ Ռոզա Ներսիսյանի հուղարկավորությունը կկայանա վաղը: Նշենք, որ մահացածի որդին՝ Մաքսիմ Ներսիսյանը, արտագնա աշխատանքի նպատակով գտնվում էր ՌԴ-ում և դեպքի մասին իմանալուց հետո, այս պահին Մոսկվայից վերադառնում է տուն», – գրում է հեռուստաընկերության կայքը:
«Գալան» տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասների համար դիմել է Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանին, ով ասել է.
«Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են, և զարմանալի է, որ նման դժբախտությունը բերում, կապում են Սամվել Բալասանյանի հետ: Դեպք հնարավոր է, որ եղել է, բայց բերել-կապել այն Բալասանյանի հետ, դա անընդունելի եմ ես համարում», – ասել է Զոհրապ Եգանյանը:
ԳԱԼԱ-ի հարցադրմանը, թե հնարավո՞ր է, որ ղեկին Բալասանյանը չլինի, այլ նրա մտերիմներից, կամ շրջապատից ինչ-որ մեկը, Եգանյանը պատասխանել է. «Ես ասում եմ, որ պարոն Բալասանյանի հետ նման բան չի պատահել»: