Շիրակի մարզի թիվ 35/25 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը հերքել է tert.am կայքում երեկ հրապարակված այն տեղեկատվությունը, թե ինքը խոչընդոտել է ԱԺ պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի վստահված անձանց բնականոն աշխատանքը:
Epress.am-ի հետ զրույցում Վահագն Խաչատրյանն ասել է, որ նշված լրատվամիջոցում (պատկանում է Արման Սահակյանին) իր հասցեին հնչածը հերյուրանք է:
Խաչատրյանի խոսքով՝ ընդհակառակը՝ ընտրությունների ամբողջ ընթացքում Արման Սահակյանի վստահված անձ Արթուր Ղազարյանը, ով նաև Գյումրու թիվ 31 դրպրոցի տնօրենն է, փորձել է անտեղի լարվածություն ստեղծել՝ Ilur.am կայքի լրագրող Արշակ Մուսախանյանի հետ վիճելով, և հորդորել է Վահագն Խաչատրյանին դուրս հրավիրել լրագրողին:
«Ինքն ինձ ստիպում էր, որ ես լրագրողին դուրս հրավիրեմ: Ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, իրավունք չունեմ որևէ լրատվամիջոցի ներկայացուցչի աշխատանքը խոչընդոտելու: Նա լրագրողին ասում էր՝ «մի նկարի, տղայական բան չես անում», և իրեն պահում էր խուժանի պես: Ես որևէ վստահված անձի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, ուղղակի, երբ տեսնում են, որ ես, որպես հանձնաժողովի նախագահ, անկողմնակալ եմ, խնդիր չեմ առաջացրել… նույն այդ վստահված անձը փորձում էր տեղամասում լարվածություն ստեղծել: Բացառվում է, որ ես խոչընդոտեմ, նա ստիպում էր, որ լրագրողը կամերան անջատի, քանի որ, նրա խոսքով, ընտրողները վախենում են: Ընտրողն ի՞նչ վախենալու բան ունի, որ չէին ուզում կամերայի առաջ ֆիքսել: Ես էլ ասացի, որ դա իմ խնդիրը չի, որ ընտրողը չի ցանկանում կամերայի առաջ ընտրել: Օրենքը թույլատրում է լրագրողին ընտրության ամբողջ ընթացքում գտնվել տեղամասում և իրականացնել նաև նկարահանումներ, ինչը ես արգելել չեմ կարող», – ասել է Վահագն Խաչատրյանը:
Նա նշել է, որ իրեն հասցված վիրավորանքը կայանում է նրանում, որ ինքը որպես հանձնաժողովի նախագահ, անկողմնակալ աշխատել է, բայց «ինչ-որ մի ԶԼՄ-նի միջոցով փորձում են ցեխ շպրտել իր հասցեին»:
«Եթե նման դեպք է տեղի ունեցել, թող արձանագրեր որևէ մի վստահված անձ: Չկա որևէ նման արձանագրություն: Ես օրենքի շրջանակներում թույլ չեմ տվել, որ մարդիկ իրենց լիազորություններից դուրս գան: Տնօրեն-վստահված անձը փորձում էր որպես տնօրեն հանդես գալ և ամեն ինչ անել այնպես, ինչպես ինքն է ուզում, իսկ ես գործել եմ օրենքի շրջանակներում», – ասել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքում երեկ կայացած ԱԺ լրացուցիչ ընտրություններին ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործարար Արման Սահակյանը, ով նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է, հավաքել է 13337 ձայն, իսկ ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը՝ 3237 ձայն: