Դիլիջան ազգային պարկի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում ծառահատումների ու լայնածավալ շինարարական աշխատանքների ծավալելու արդյունքում մեծ վնաս է հասցվել շրջակա միջավայրին, ինչպես նաև խաթարվել է «Պարզ լիճ» բնության հուշարձանի բնական տեսքը և էկոհամակարգը: Այս մասին լրատվամիջոցներին ահազանգել է լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանը: Բնապահպանության նախարարությունը քաղաքացու ահազանգից հետո ուսումնասիրել է լճի վիճակը և որոշել, որ արդյունքները բավարար չեն ու պետք է ստեղծել աշխատանքային խումբ:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները նշում են, որ ակնհայտ խախտվել են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով սահմանված ազգային պարկի և բնության հուշարձանի պահպանման ռեժիմները:
«Հերթական անգամ ականատես ենք լինում բնության հատուկ պահպանվող տարածքում կատարվող նմանօրինակ գործունեության, ինչը պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ Բնապահպանության նախարարության անգործության հետևանք է, քանի որ Դիլիջան ազգային պարկը գտնվում է իրենց անմիջական հսկողության ներքո: Նորից ոչ թե նախարարությունն է հայտնաբերում ակնհայտ խախտումները, այլ ՀՀ քաղաքացիները»,- տարածած հաղորդագրության մեջ նշել են «Թռչկան»-ի ակտիվիստները: