Երեկ Մոսկվայում մահացել է ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանը, ով բուժվում էր Մոսկվայի Դմիտրի Ռոգաչյովի անվան մանկական հեմոտոլոգիական կլինիկայում: Այս մասին հայտնում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը: Քոչարյանը տառապում էր արյան հիվանդությամբ:
Հիշեցնենք, որ հիվանդությունը Նուբարաշենի զորամասի զինծառայողի մոտ հայտնաբերել էին այս տարվա աշնանը՝ 1 տարի 10 ամիս բանակում ծառայելուց հետո: Ավելի վաղ ծնողները նշել էին, որ երիտասարդի հիվանդության ախտորոշումը կատարվել է մեկ ամիս ուշացումով, մինչ այդ նրա մոտ դեղնախտ էին կասկածում:
Քոչարյանը պետք է զորացրվեր նոյեմբերի վերջին: Նոյեմբերի կեսերին նրան տեղափոխել են Մոսկվա՝ Ռոգաչյովի անվան կլինիկա, որտեղ համաձայնել էին ստանձնել երիտասարդի բուժման պատասխանատվությունը: Բուժման համար 67.000 դոլար էր պահանջվել, որը ծնողների չէին կարողանում գտնել: Մամուլում երիտասարդի դեպքի մասին հրապարակումներից հետո ՊՆ-ն համաձայնել էր գումարը փոխանցել, սակայն, ինչպես նոյեմբերի 30-ին Epress.am-ի հետ զրույցում նշել էր տղայի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը, գումարը դեռևս հաշվեհամարին չէր նստել:
«Ամեն օր ասում են՝ այսօր գումարը կփոխանցվի, սակայն օրն ավարտվում է ու պարզվում է՝ գումարը չկա, իսկ հիվանդանոցը գումարին է սպասում: Բժիշկները արդեն մտավախություն ունեն, որ գումարի փոխանցվելու մասին լուրերը կարող են սուտ լինել: Ասում են՝ «մենք արդեն կասկածում ենք, որ իրենք կուղարկեն»», – ասել էր Քոչարյանը:
Նոյեմբերի 30-ին խնդրի շուրջ Еpress.am-ը զրուցել էր նաև Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով ընդգծել էր, որ մոտ օրերս գումարն անպայման կփոխանցվի:
«Տվյալ բուժհիմնարկի հետ փաստաթղթաիրավական հարցեր կան, ու գումարի փոխանցման հարցը պրոցեսի մեջ է: Պայմանագիրը կնքված է ու գումարն ամբողջությամբ փոխանցվելու է, ու, ինչքան որ գիտեմ, փոխանցվելու է ոչ միանվագ», – ասել է Հովհաննիսյանը և ավելացրել, որ ավելի ստույգ ամեն ինչ կասի երկուշաբթի օրը:
1 ամիս առաջ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տեսանյութ էր տարածել, որտեղ Արթուրի ծնողները պատմում էին ստեղծված իրավիճակի մասին: