Երեկ թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում կայացած մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցիչ ընտրությունների ընթացքում աննախադեպ ցածր մասնակցություն է գրանցվել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած պաշտոնական արդյունքերի համաձայն, թիվ 35 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրիի մի մասը և հարակից բնակավայրերը, ընտրություններին մասնակցել է ընտրողների 31 տոկոսը, իսկ թիվ 1 ընտրատարածքում (ընդգրկում է Ավան համայնքը և Նոր Նորք համայնքի մի մասը)՝ 36 տոկոսը: Նշենք, որ մայիսի 6-ին կայացած ընտրությունների ընթացքում թիվ 1 ընտրատարածքում ընտրողների թիվը գերազանցել է ցուցակներում ընդգրկված մարդկանց 50 տոկոսը, իսկ թիվ 35-ում 50 տոկոսին մոտ է եղել:
Երեկ երկու ընտրատարածքում էլ հաղթել են Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածուները:
Թիվ 1-ում Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, ստացել է 18 805 ձայն, «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը՝ 3680 ձայն, իսկ ՀԺԿ-ական Էդուարդ Պետրոսյանը՝ 461 ձայն:
Թիվ 35-ում ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործարար Արման Սահակյանը, ով նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է, հավաքել է 13337 ձայն, իսկ ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը՝ 3237 ձայն: