Այսօր առավոտյան՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիա են անցկացրել Կոնդի բնակիչներն ու Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերը: Նրանց մոտ կանգնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը: Նախագահը մոտեցել է բողոքող մարդկանց և զրուցել նրանց հետ:
Սկզբում Սարգսյանը զրուցել է կոնդեցիների հետ, ովքեր ներկայացրել են իրենց խնդիրը: Նախագահն ասել է, որ նրանք հանգիստ խղճով կարող են տուն գնալ:
«Ժողովուրդ ջան, ձեր գործերը ընթացքի մեջ են, գնացեք տուն: Նաև հարցրինք վարձերի մասին, նա էլ պատասխանեց, որ վարձերը ժամանակին կտան: Ուրիշ հարցեր չունեինք, այսքանն էին մեզ հուզող հարցերը», – Еpress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից, Կոնդ թաղամասի բնակիչ Կարենը, ով նաև ընդգծել է, որ այս հանդիպումից ինքն առանձնապես ոչինչ չի հասկացել:
«Ուղղակի սրտի հովանք էր, թե չէ ի՞նչից գոհ լինենք, եթե մեր երկրում վարձով ենք ապրում, ինչի՞ն հավատանք: Արդեն 5-րդ տարին է՝ վարձով ենք ապրում, միայն խոստումներ են տալիս: Ահագին մարդ էին եկել՝ մոտ 60-70 հոգի, էդ պահին բոլորն էլ հանգստացան, գնացին իրենց գործերով: Մեզ խոստացած ժամկետներն անցել են, չգիտենք, թե պայմանագրերի հետ ի՞նչ ա լինելու», – ասել է նա:
Խաբված բնակարանատերերի հետ նախագահի խոսակցությունն ավելի կարճ է տևել, քանի որ ակցիայի մասնակիցները մեկ կարճ հարց են ուղղել Սերժ Սարգսյանին:
«Ասացի, պարոն նախագահ, մենք Արամի շենքի տուժած բնակիչներն ենք: Հատուկ քննչական ծառայությունը շատ շուտով ավարտելու է մեր հարցով քննությունը, սակայն գործով իսկական մեղավորները, պետական պաշտոնյաները, չնայած մեր բազմաթիվ պահանջներին, չեն հարցաքննվել ու գործում չկան», – Еpress.am-ի հետ զրույցում պատմել է Սոնա Մաղաքյանը:
Նրա խոսքով՝ նախագահը լսել է ու այնուհետև կես կատակ, կես լուրջ հարցրել, թե ու՞մ նկատի ունեն՝ պետական պաշտոնյաներ ասելով:
«Ես էլ ասացի՝ հարկայինի ու քաղաքապետարանի այն պաշտոնյաները, ովքեր պարտավոր էին ստուգումներ անցկացնել ու կանխել, որպեսզի նման իրավիճակ չլիներ: Նաև ասացի՝ քաղաքապետարանը պետք է կոնկրետ շինթույլտվություն տար օրենքի սահմաններում, որպեսզի հետագայում ռեկետի փաստի առաջ չկանգնեինք:
Իհարկե, նախագահի համար շատ ծանր էր լսել «ռեկետ» արտահայտությունը, բայց ամենաքիչը ես կուզենայի ասել դա, սակայն ստիպված էի՝ իրերը պետք է կոչել իրենց անուններով», – պատմել է մեր զրուցակիցը:
Մաղաքյանը նշել է, որ իր համար շատ զարմանալի է եղել ՀՀ նախագահի պատասխանը:
«Ասաց՝ «դե քաղաքապետարանի աշխատակիցները չէին կարող ասել»: Ես էլ ասացի՝ «ի՞նչը չէին կարող ասել, շինթույլտվություն տա՞լը, այդ դեպքում ո՞նց են այդ պաշտոնները զբաղեցնում»: Չեմ հասկանում՝ ո՞նց կարող է պետական պաշտոնյան չկարողանա իր պարտավորություններն իրականացնել: Այդ դեպքում իրենց պատճառով մեր երկիրը քանդվում է, մենք էլ տուժում ենք», – պատմել է բողոքող կինը:
Մաղաքյանի հավաստմամբ՝ նախագահը իրենից նման հարցադրում չէր սպասում, այդ պատճառով էլ, պատասխան չունենալով, շրջվել ու հեռացել է:
«Հավանաբար, նրան թվում էր, որ մենք պետք է ասեինք՝ «վայ, գիտեք, անտուն ենք», ինքն էլ ասեր՝ «գնացեք, ձեր բոլոր խնդիրները կլուծվեն»: Ես իսկապես նախագահին հարիր հարց եմ տվել՝ «ի՞նչն է պատճառը, որ մեր պետական պաշտոնյաները անպատիժ են մնում» ու շատ զարմացա, որ մեր նախագահը պատասխան չուներ», -ասել է Մաղաքյանը:
Նրա հավաստմամբ՝ այսքանից հետո Սարգսյանը պաշտոնյաներից պահանջելու է իր տված հարցի պատասխանը:
«Մենք հույս ունենք, որ նախագահը անպայման կպահանջի իմ տված հարցի պատասխանը, որպեսզի ինչ-որ Սոնաներ նախագահի առաջը չկտրեն ու նման անակնկալ հարցեր չդնեն», – եզրափակել է Մաղաքյանը: