2013 թվականի նախագահական ընտրությունների ակնհայտ ֆավորիտը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, որովհետև, մյուս մեծ տղաները չեն մասնակցում: Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում հայտարարել է Օքսֆորդի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Նիլ Մաքֆարլեյնը:
Խոսելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից նախագահական ընտրություններում առաջադրվելու հավանականության մասին՝ Մաքֆարլեյնն ասել է.
«Տեր-Պետրոսյանը չի ասել, որ մասնակցում է: Որքան գիտեմ, նա ասել է, որ սպասում է, թե ինչ կասի Ծառուկյանը: Եթե վերջինս դնի իր թեկնածությունը, ապա ինքը չի առաջադրվի: Հարցն այն է, թե արդյոք Ծառուկյանն ուզո՞ւմ է դնել իր թեկնածությունը»:
Ազգությամբ կանադացի քաղաքագետի խոսքով՝ եթե Ծառուկյանը ամեն դեպքում առաջադրվի, ապա շատ հետաքրքիր կլինի:
«Իհարկե, Հայաստանն ու Վրաստանը շատ տարբեր են, բայց, ինչպես գիտենք, Վրաստանում կան որոշ հարուստ մարդիկ, ովքեր հայտարարեցին, թե ուզում են մարտահրավեր նետել իշխանությանը: Եվ ի՞նչ տեղի ունեցավ, իշխանությունը պատասխանեց, նա սկսեց դժվարություններ ստեղծել այդ մարդու համար: Նրանք էլ դա արեցին Իվանիշվիլիի հետ: Արդյո՞ք Ծառուկայնը ցանկանում է նույնն անել», – ասել է քաղաքագետը:
Մաքֆարլեյնը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների գործոնի մասին: Նա ընդգծել է, որ Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ռազմավարական սերտ հարաբերությունների համատեքստում՝ Սերժ Սարգսյանը նաև լավ հարաբերություններ ունի ռուսների հետ:
Հարցին՝ այսինքն Կրեմլը կպաշտպանի՞ նախագահ Սարգսյանի թեկնածությունը, Մաքֆարլեյնը պատասխանել է.
«Կարծում եմ՝ սա լավ հարց է: Եթե նայենք Ռուսաստանի տեսանկյունից, թե ի՞նչ են նրանք ուզում Հայաստանից… նրանք ուզում են պահպանել իրենց հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ Հայաստանը կարևոր է Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության մեջ: Նրանք այս առումով ոչ մի խնդիր չունեն Սարգսյանի հետ, ուրեմն ինչո՞ւ նրանք պետք է փոխեն իրենց միտքը: Ինչո՞ւ պետք է անցնեն ընդդիմության կողմը»: