Հայ Ազգային Կոնգրեսը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրությունները Սահմանադրական դատարան դիմելու համար: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ համակարգող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Կոնգրեսը կարողացել է 34 պատգամավորի ստորագրություն հավաքել, մինչդեռ անհրաժեշտ էր 27 ստորագրություն: Հիշեցնենք, որ Կոնգրեսը ՍԴ է դիմում՝ կապված նոյեմբերի 21-ի իրադարձությունների հետ, երբ ՀԱԿ-ը նախաձեռնել էր ԱԺ արտահերթ նիստ, որը չկայացավ քվորում չլինելու պատճառով: Այն ժամանակ նիստը բոյկոտեցին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները:
Այսօր Զուրաբյանը նշել է, որ իրենց նախաձեռնությանը միացել են ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն ամբողջությամբ, ինչպես նաև ԲՀԿ պատգամավորների մի մասը:
ՀՅԴ-ն ստորագրահավաքին չի մասնակցել, որովհետև «Դաշնկացություն» խմբակցությունը հարցը լուծելու մեկ այլ տարբերակ է տեսնում, այն է՝ դիմել էթիկայի հանձնաժողով, ապա նոր Սահմանադրական դատարան:
«Ես այստեղ որևէ ողբերգություն չեմ տեսնում, դա իրենց իրավունքն է», – այդ առնչությամբ ասել է Զուրաբյանը:
Նա նաև գոհունակություն է հայտնել ստորգրահավաքի հաջող ընթացքի փաստի կապակցությամբ: