Սևծովյան տարածաշրջանի մարդիկ և գործարարները միայն կշահեն, եթե Երևանն ու Անկարան որոշեն բացել Հայաստան-Թուրքիա սահմանը: Այս մասին Today’s Zaman պարբերականի հետ զրույցում հայտարարել է Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (ԱԶՍԲ) նախագահ Անդրեյ Կոնդակովը:
«Որպես զարգացմանն աջակցող բանկ մենք աշխատում ենք տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրն ընդլայնելու ուղղությամբ: Մենք ողջունում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որը կզարգացնի բիզնես կապերը սևծովյան տարածաշրջանում: Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացումն այդպիսի մի քայլ է», – Ստամբուլ կատարած իր այցի ժամանակ նշել է Կոնդակովը:
Նրա խոսքով՝ որպես տարածաշրջանում տնտեսական առաջատար Թուրքիան կարող է առաջնորդել նման նախաձեռնությունները՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների տնտեսությունների միջև ավելի ամուր կապ ստեղծելու նպատակով: Հիշեցնենք, որ թե Հայաստանը, թե Թուրքիան նշված կազմակերպության անդամ են:
Կոնդակովն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների կառավարությունները պետք է դրդապատճառներ ստեղծեն տարածաշրջանի առևտրի և ներդրումների աճն ապահովելու համար: