Հայաստանի իշխանությունները, ի դեմս գործող կառավարության, ունեն մենաշնորհների և համակարգային կոռուպցիայի նվիրյալ սպասարկու ու փաստաբան: Այսպիսի հայտարարությամբ այսօր Ազգային Ժողովում հանդես է եկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Պատգամավորը նման տպավորություն ունի՝ մենաշնորհների վերաբերյալ ՀԱԿ-ի հարցադրման պատասխանից հետո, որն ընդդիմադիր ուժին ուղարկել էր ՀՀ կառավարությունը:
«Ասածս ապացուցեմ հետևյալ փաստարկներով.
1.Նախ կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանում մենաշնորհներ չկան: Մինչդեռ, անգամ համաձայն պաշտոնական տվյալների, օրինակ, շաքարավազի շուկան 99 տոկոսով կենտրոնացած է մեկ ընկերության ձեռքում, ինչն արդեն հերքում է կառավարության պնդումը: Կառավարությունը ինքն էլ է իր պատասխանոում հերքում դա՝ օգտագործելով այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է, օրինակ, «պարենամթերքի շուկայում մենաշնորհային դրսևորումներ» բառակապակցությունը: Հարց է ծագում, եթե Հայաստանում մենաշնորհներ չկան, ինչո՞ւ է համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցը դնում Հայաստանը «Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության» ցուցանիշով 116-րդ տեղում: Եթե Հայաստանում մենաշնորհներ չլինեին, մեզ այս ցուցանիշով պետք է դնեին 1-ին տեղում:
2. Պատասխանում բառացիորեն ասված է, որ վերոհիշյալ պատճառով «Հայաստանի Հանրապետությունում վարվում է ոչ թե մենաշնորհների դեմ պայքարի, այլ տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականություն» և որ «օրենքը ուղղված է ոչ թե մենաշնորհների կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների դեմ պայքարին, այլ պաշտպանելու տնտեսվարող սուբյեկտներին և սպառողներին տնտեսական մրցակցության հետ կապված չարաշահումներից»:
Փառք Աստծո, որ մերժելով մենաշնորհների գոյությունը, գոնե ընդունում են «գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների առկայությունը, բայց պարզվում է, նրանց դեմ էլ պայաքարելու որևէ նպատակ չունեն, այլ միայն պայքարելու են նրանց հետ կապված չարաշահումների դեմ:
Փաստորեն, տնտեսվարող սուբյեկտի կողմից գերիշխող դիրք ունենալը ինքնին խախտում չի համարվում: Խախտում է համարվում գերիշխող դիրքի չարաշահումը, մասնավորապես, գների չհիմնավորված բարձրացումը: Այ սա է ճշմարտության պահը. եթե թարգմանենք կառավարերենից, սա նշանակում է, որ մեր կառավարությունը պաշտոնապես ընդունում է, որ մենաշնորհների, կամ, ինչպես իրենք են սահմանում, «գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների» դեմ պայքարելուց հրաժարվում են, այսինքն՝ խախտում են Սահամանդրությունը, որը պահանջում է կամ վերացնել նման մենաշնորհները, կամ նրանց օրենքով կանոնակարգել, ելնելով հանրության շահերի պաշտպանությունից:
3.Պատասխանի մեջ, սակայն, ամենախայտառակ պնդումը հետևյալն է. «Կենտրոնացվածության համեմատաբար բարձր աստիճանը պայմանավորված է նա7 որոշակի օբյեկտիվ գործոններով, ինչպիսիք են ՀՀ փոքր շուկան, փակ սահմանները, անբարենպաստ աշխարհագրական դիրքը, մրցունակ տնտեսվարող սուբյեկտների սակավությունը և այլն»:
Ըստ էության, մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը ոչ միայն արդեն վաղուց հանձնվել է մենաշնորհներին, այլ նաև փորձում է լեգիտիմացնել Սահամանադրությանը հակասող այս իրողությունը իբրև թե օբյեկտիվորեն գոյություն ունեցող հանագամանքներով:
Այստեղ ամենածիծաղելին այն է, որ համարյա բոլոր այդ հանգամանքները, որ կառավարությունը նշում է որպես մենաշնորհների գոյացման համար օբյեկտիվ պատճառ, իրականում հենց նույն իշխանության հանցավոր գործունեության արդյունք են», – ասել է Լևոն Զուրաբյանը:
Նա ընդգծել է, որ բոլորին հայտնի է, որ Հայաստանում մենաշնորհները հիմնականում կառուցված են լայն սպառման ապրանքների ներկրման բնագավառների ապօրինի բաշխման վրա:
«Ո՞ւմ հայտնի չէ, որ նույն այդ ներկրողների համար մաքսային մարմինները սահմանաում են մաքսազերծման արտոնյալ ցածր գներ, ինչի արդյունքում մի կողմից դուրս են մղվում մրցակցության մեջ մտնող գործարարներ, մյուս կողմից բյուջե քիչ գումար է մտնում:
Ո՞ւմ հայտնի չէ, որ ներկրող օլիգարխների համար նման արտոնյալ ռեժիմ սահմանող մաքսային ծառայության ղեկավարը, այսինքն՝ ՊԵԿ նախագահը, ինքը մի օլիգարխ է, որն իր համար սահմանել է, օրինակ, մենաշնորհային դիրք օպտիկամանրաթելային մալուխների ներկրման բնագավառում, քանի որ ցանկանում է ապահովել իր ուցեցած U-com ֆիրմայի մենաշնորհը տվյալների կաբելային հաղորդման շուկայում՝ խոչնդոտելով, մասնավորապես, GNS Alfa ընկերության մուտքը նույն շուկա:
Ո՞ւմ հայտնի չէ Սերժ Սարգսյանի այն մերձավորի անունը, ով տիրապետում է բենզինի և դիզվառելիքի շուկայի մենաշնորհին և միաժամանակ զբաղված է բարեպաշտ սերնդի դաստիարակման ազնիվ գործով:
Ո՞ւմ հայտնի չէ Սերժ Սարգսյանի մեկ այլ մերձավորի անունը, ով ավիակերոսինի ներկրման մենաշնորհը զուգորդում է ավիացիայի բնագավառում ազգային փոխադրողի մենաշնորհային դիրքի հետ, հերիք չէ, անգամ մենաշնորհային դիրք ունենալով, անորակ սպասարկմամբ և տիեզերական գներով խայտառակում է մեր երկիրը ամենուրեք և այնքան ապաշնորհ է, որ միջազգային պարտքերի շնորհիվ գտնվում է սնանկացման եզրին:
Ո՞ւմ հայտնի չէ, որ շաքարավազի ներկրումը բացարձակ մենաշնորհ է Հայաստանում, այն էլ իրականացվող մի մարդու կողմից, որը նման գերշահույթ ապահովող ձեռնարկատիրությունը Սահամանադրության խախտմամբ զուգորդում է պատգամավորական գործունեության հետ», – հայտարարել է Զուրաբյանը:
Նա ընդգծել է, որ մենաշնորհների հետևում կանգնած են շատ կոնկրետ քաղաքական ուժեր, և հենց այն նպատակով, որ պարզ դառնա, թե ովքեր են մենաշնորհների կատաղի պաշտպանները, ՀԱԿ-ը, համաձայն կանոնակարգի մասին օրենքի, քվեարկության է դնում Ազգային Ժողովի որոշման նախագիծը:
Նախագծում ՀԱԿ-ն առաջարկում է.
1. Մինչև ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանը մշակել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել տնտեսական գործունեության ազատության ու ազատ տնտեսական մրցակցության ապահովման և ապօրինի մենաշնորհների վերացմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ծրագիր:
2. Անհետաձգելի միջոցառումների ծրագրում ներառել օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ առաջնային համարելով հետևյալ սկզբունքների կիրառումը.
ա) Տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որևէ ընկերության մասնաբաժինը, բացառությամբ բնական մենաշնորհների, չի կարող գերազանցել շուկայի 33.33%-ը:
բ) Պետական բյուջե մուտքագրել մենաշնորհային հասույթի 10 և ավելի բարձր տոկոսը՝ այն հաշվով, որպեսզի գանձվի ստացված մենաշնորհային շահույթի 50-95 տոկոսը։ 300 մլն դրամի տուգանքի շեմը վերացնել:
գ) Իշխանությունն ու գործարարությունը հստակ տարանջատել: Այդ նպատակով իրականացնել որոշակի և հստակ քայլեր, որպեսզի. ա) գործարարությունը տարանջատվի պետական կառավարումից (եթե գործարարը որոշում է զբաղվել քաղաքականությամբ, դառնալ պատգամավոր կամ նախարար, ապա նա իր ունեցվածքը պետք է հանձնի պետական գույքի կառավարման գործակալությանը կամ պետության կողմից լիազորված այլ մարմնի), բ) իշխանության ղեկին հայտնված գործիչը ունենա չեզոք կառավարչի ձևական ու բովանդակային բոլոր հատկանիշները:
դ) Պետական գնումների մասին ՀՀ օրենսդրությունը լրամշակել այն հաշվով, որպեսզի սահմանվի գնումների գործարքների որոշակի ծավալ, ինչը կիրականացվի ՓՄՁ-երի և գյուղացիական տնտեսությունների միջոցով։ Պետական գնումների համակարգը դուրս բերել ֆինանսների նախարարության ենթակայությունից: Անհետաձգելի խնդիր համարել պետության վերահսկողությամբ 5-10 մեծածախ գյուղատնտեսական շուկաների ստեղծման ծրագիրը:
ե) Խստորեն կանոնակարգել սուպերմարկետների գործունեությունը։ Յուրաքանչյուր ծրագրային ժամանակահատվածի համար սահմանել դրանց ցանցային կետերի ստեղծման նորմատիվներ, առաջ քաշել որոշակի վայրերում դրանց տեղադրման պահանջներ։ Դրա հետ մեկտեղ, փոքր խանութների կենսագործունեությունն ապահովելու համար նախատեսել խոշոր քաղաքներում պարբերաբար պարենամթերքի վաճառքի մոբիլ տոնավաճառների կազմակերպումը, հարկումների կամ պարտադիր վճարումների ցածր մակարդակով։
զ) Վերանայել բարձր տուրքերը արտադրության և վերամշակման կազմակերպման ոլորտներում։ Չեղյալ հայտարարել այսօրինակ սահմանափակող որոշումները, իջեցնել միանվագ տուրքերը, դրանք կապել արտադրության ծավալների հետ և տարալուծել ժամանակի մեջ:
է) Առնվազն 10 անգամ կրճատել գործունեության թույլտվություն ստանալու տեսակների ցանկը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը չի համաձայնել նախագծի որոշ դրույթների հետ՝ նշելով, սակայն, որ տվյալ ոլորտում ՀՀ կառավարությունն անելիքներ ունի: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է խմբակցության անդամներին քննարկել հարցը Տիգրան Դավթյանի հետ՝ որոշակի փոփոխություններ կատարելու նպատակով, որից հետո էլ նախագիծը վաղը կարող է քվեարկության դրվել Ազգային ժողովում: