Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպվել էին խորհրդարանային լսումներ՝ պատիժ կրող անձանց, այդ թվում նաև ցմահ ազատազրկման դատապարտված և անչափահաս դատապարտյալների իրավիճակը բարելավելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ՀՀ մարդու իրավունքների գրասենյակը, հետամուտ լինելով լսումների ընթացքում մասնակիցների հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը խնդիրների վերաբերյալ պատրաստել է մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը փոխանցվել է վերոնշյալ խորհրդարանական մշտական հանձնաժողովներին, ինչպես նաև այս հարցերով լսումների ընթացքում հետաքրքրություն ցուցաբերած ԱԺ մի շարք պատգամավորների, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցութան անդամներին:
Նախագծով առաջարկվում է ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21, անչափահաս դատապարտյալների և ազատազրկման դատապարտված այլանձանց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ անկախ հանձնաժողովի որոշումները յուրաքանչյուր դեպքում լինեն պատճառաբանված, ինչպես նաև վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժաչափերը: