«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել: Քաղխորհրդում, բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Ամիսներ առաջ ես հրապարակային էի դարձրել իմ կարծիքը, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով՝ հաշվի առնելով կուսակցության կշիռը, վարկանիշը, այլընտրանք լինելու, ինչպես նաև միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալու հնարավորությունները», – գրել է Օսկանյանը:
Ըստ նրա՝ ԲՀԿ քաղխորհուրդը, հաշվի առնելով ներքաղաքական դաշտում ստեղծված կոնյունկտուրան, միասնական թեկնածուի հնարավորության շուրջ առաջացած բարդությունները և Գագիկ Ծառուկյանի` իր թեկնածությունը չառաջադրելու որոշումը, նպատակահարմար գտավ նախագահական ընտրություններին հանդես չգալ սեփական թեկնածուով և չսատարել որևէ այլ թեկնածուի։
«Չնայած այն բանին, որ ես այլ կերպ էի պատկերացնում մեր քայլերն ու հետագա պայքարը, այդուհանդերձ, հարգում եմ ընդունված որոշումը», – եզրափակել է Օսկանյանը։