Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը կամ Սերժ Սարգսյանին աջակցելը շահեկան է ՀԱԿ-ի՝ այս կազմով պահպանման համար: Այս մասին «168 ժամ» թերթի հետ զրույցում ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ընտրությունների ժամանակ որևէ ընդդիմադիր թեկնածուի հնարավորությունները կմեծանան այն ժամանակ, երբ նա դառնա ընտրությունների ինստիտուտի հաստատման օրակարգը ձևավորող թիմի ներկայացուցիչ: Ըստ փորձագետի՝ միայն այդ դեպքում նա կարող է դերակատար դառնալ, և միայն այս ձևով է հնարավոր հաղթել ռեժիմին: Հակառակ դեպքում որևէ ընդդիմադիր թեկնածու որևէ հնարավորություն չի ունենալու, ինչպիսի կենսագրություն և անձնական որակներ էլ ունենա:
Էդգար Վարդանյանը համոզված է, որ Ծառուկյանի չառաջադրվելն օգնելու է ՀԱԿ-ին պահպանել իր դիրքերը՝ որպես քաղաքական դաշտում գործող ինքնուրույն սուբյեկտ:
«Հակառակ դեպքում, եթե Ծառուկյանն առաջադրվեր և ֆորմալ առումով հակադրվեր Սերժ Սարգսյանին, կարող էին խնդիրներ առաջանալ ՀԱԿ-ում, քանի որ մի մասը կցանկանար աջակցել Ծառուկյանին: Իսկ մենք գիտենք, որ շատերը դեմ են դրան, և այդ պարագայում նոր պառակտում էր լինելու», – ասել է փորձագետը: