Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է 54-ամյա Ավետիս Ավետիսյանի դեմ հարուցված գործով հերթական դատական նիստը: Ավետիս Ավետիսյանը մեղադրվում է նրանում, որ կենցաղային վեճերում 3 տարի շարունակ բազմիցս ծեծի է ենթարկել և խոշտանգել իր կնոջը՝ Նունե Ալեքսանյանին, նույնիսկ այն ժամանակ, երբ կինը հղի է եղել: Բացի դա ալկոհոլի ազդեցության տակ նա ծեծել է նաև իր հորաքույր Ազնիվ Սերոբյանին և նրա ամուսին Վահան Չախալովին:
Երեկ տեղի ունեցած նիստին իրենց դիրքորոշումներն են արտահայտել տուժողները:
Նունե Ալեքսյանյանն ասել է, որ չի հավատում Ավետիսի՝ զղջման մասին հայտարարություններին և պատրաստ է հրաժարվել հայցից միայն այն դեպքում, եթե նախկին ամուսինը ստորագրի իրավական փաստաթուղթ այն մասին, որ ինքը հրաժարվում է իրենց երեխայից և այլևս չի անհանգստանի մորը և երեխային: Կինն ասել է, որ այլ դեպքում չի զիջի, քանի որ ամուսինը բազմիցս սպառնացել է, որ կսպանի երեխային: Կինը հիշեցրել է, որ Ավետիսի ծեծերի պատճառով երկու անգամ նախկինում վիժել է:
Ավետիսի հորաքույրը և նրա ամուսինը, սակայն, պնդել են, որ ոչ մի դեպքում չեն զիջի և հաշտվելը հնարավոր չեն համարում: