ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է, որ թեև ԲՀԿ-ն որոշում է կայացրել նախագահական ընտրություններում չսատարել որևէ թեկնածուի, բայց շատ ԲՀԿ-ականներ, եթե ոչ շատ ակտիվ, բայց, այնուհանդերձ, «հոգով-սրտով» կաջակցեն ՀՀԿ-ի թեկնածուին:
Նրա խոսքով՝ թեև ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու մասին կուսակցական որոշում չկա, բայց կուսակցության առանձին ներկայացուցիչներ հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնել ընտրություններին ոչ հրապարակային ձևով:
Աշոտյանը չի կարծում, որ ԲՀԿ-ն որոշել է բոյկոտել ընտրությունները: Ըստ նրա՝ երկրի խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժը չի կարող դա անել:
Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ին տխրեցնում է ԲՀԿ-ի՝ իրենց թեկնածուին չսատարելու փաստը, Արմեն Աշոտյանն ասել է, որ ՀՀԿ-ն ՀՀ անկախության տարիներին ստեղծված և գրանցված առաջին քաղաքական միավորումն է և իր պատմության ընթացքում ականատես է եղել Հայաստանի նորագույն պատմության բոլոր էջերերին և ապրել է բազմաթիվ ընտրություններ, այնպես որ, ըստ նախարարի, «ՀՀԿ-ին դժվար է այսօր ուրախացնել կամ տխրեցնել»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի որոշման ազդեցությանն այլ քաղաքական ուժերի վրա, ապա նախարարն ասել է, որ ակնհայտ է, որ այդ որոշումը նոր մարտահրավեր է այն քաղաքական ուժերի համար, ովքեր ԲՀԿ-ի հետ համագործակցում էին միասնական շտաբի ձևաչափով, դեռևս խորհրդրանական ընտրություններին:
«Եվ այս ընթացքում հույս էին փափագում, որ կարող են կպնել ԲՀԿ-ի շոգեքարշին որպես այդ շարքում ամենալուրջ քաղաքական ուժին և իրենց զրոյացող վարկանիշը վերակենդանացնել Գագիկ Ծառուկյանի անձի և վարկանիշի շնորհիվ: Ակնհայտ է, որ այդ պլանները տապալվեցին, հատկապես ՀԱԿ-ի պարագայում դա կարող եմ ձեզ ասել: Նորմալ քաղաքական ուժերում տապալում տված քաղաքական գործիչները, համենայն դեպս, պետք է պատասխան տան իրենց գործընկերների առջև, իրենց սխալ քաղաքական մարտավարության և ռազմավարության՝ ուրիշներին թելադրելու փորձերի համար»,- ասել է Աշոտյանը:
Խոսելով դեկտեմբերի 15-ին կայանալքի ՀՀԿ համագումարի մասին՝ նախարարն ասել է, որ այն լինելու է շատ իրադարձային:
«Քաղաքական նորաձևության թելադրող մնալու է ՀՀԿ-ն գալիք հինգ տարիներին ևս: Համագումարը այդ պրոցեսի մենկարկն է ապահովում՝ բացելով նոր էջ ՀՀԿ-ի և Հայաստանի նորագույն պատմության մեջ»,- ասել է նա: